Ոչ վարակիչ հիվանդությունները երկրի տնտեսության համար ավելի մեծ բեռ են, քան կարող է առաջին հայացքից թվալ. սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի, դիաբետի եւ ԹՕՔՀ պատճառով ամեն տարի Հայաստանը վնասներ է կրում ՀՆԱ 6,5 տոկոսի չափով եւ չի ստանում 360 մլրդ դրամի եկամուտներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հիվանդությունների մասին խոսելիս մենք սովորաբար կենտրոնանում ենք բուժման հարցերի վրա եւ մոռանում ենք այն մասին, թե դրանք ինչպիսի հարված են հասցնում մեր տնտեսությանը. դա ժամեր են, որոնց ընթացքում մարդիկ չեն աշխատում, դա հաշմանդամության հետեւանքով կորցրած եկամուտներ են, խոսքը շատ ավելի խոշոր գումարի մասին է, քան այն, որ ծախսվում է այդ հիվանդությունների բուժման համար»,- նշեց նախարարը:
Այսօր՝ մայիսի 3-ին Երեւանում զեկույց է ներկայացվել Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ հսկողության ոլորտում ներդրումները հիմնավորող փաստարկների մասին: Զեկույցը, ինչպես լրագրողներին ասաց ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը, պատրաստվել է ԱՀԿ եւ ՄԱԿ զարգացման ծրագրի միջեւ գլոբալ գործընկերության միացյալ ծրագրի շրջանակում՝ ՌԴ կառավարության աջակցությամբ:
Զեկույցում ներկայացված տեղեկատվությունը, ինչպես նշեց Շոմբի Շարփը, ցնցող է. ոչվարակիչ հիվանդությունների պատճառով, որոնք զարգանում են անառողջ կենսակերպի հետեւանքով, Հայաստանում վաղաժամ մահանում է մոտ 300 000 մարդ, սա շատ լուրջ թիվ է ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրի համար։ Այդ բոլոր մահերը իրենց հետեւից բերում են նաեւ տնտեսական խնդիրներ։
Այս զեկույցը, հեղինակների խոսքով, անհրաժեշտ հիմք է տալիս ասելու, թե ինչու միջոցների ծախսը ոչվարակիչ հիվանդությունների կանխարգելման համար ավելի քան հիմնավորված է եւ տնտեսապես շահավետ։ Ինչպես նշեց Շոմբի Շարփը, եթե Հայաստանը վարի ճիշտ քաղաքականություն ոչվարակիչ հիվանդությունների եւ դրանց դեմ պայքարի հարցում, ավելի շատ առողջ մարդիկ կլինեն, որոնք կշարունակեն ապրել, աշխատել եւ նպաստել երկրի տնտեսական բարգավաճմանը։







