Ապրիլի 30-ին Վանաձորից 61-ամյա Ա. Պ.-ին սանավիացիայի ուղղաթիռով Երեւան են տեղափոխել ծանր վիճակում՝ աորտայի շերտատում ախտորոշմամբ (աորտայի շերտատվող անեւրիզմ): Առողջապահության նախարարությունից NEWS.am Medicine-ին հայտնեցին, որ պացիենտին բերել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ուղղաթիռի հրապարակ կա: Այնուհետեւ նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրան պետք է վիրահատեին:
Նրան, սակայն, չի հաջողվել փրկել, եւ պացիենտը շուտով մահացել է:
«Աստղիկ» ԲԿ-ում NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասացին, որ աորտայի շերտատումը հաճախ է բերում պացիենտի մահվան, եթե անգամ նրան առաջին օգնությունը ժամանակին ցուցաբերվի եւ բուժումը ժամանակին սկսվի: Բայց եթե նույնիսկ հաջողության հավանականությունը ընդամենը մի քանի տոկոս է, բժիշկները, միեւնույն է, ուժերի սահմաններում ամեն ինչ անում են, որ նման պացիենտներին փորձեն փրկել, եւ Ա. Պ.-ն բացառություն չէր:
Ա. Պ.-ն երկրորդ պացիենտն է, որին Վանաձորից Երեւան են տեղափոխել ուղղաթիռով, բայց ում չի հաջողվել փրկել: Առաջինը 68-ամյա Սամվել Ստեփանյանն էր, որին «Էրեբունի» ԲԿ էին բերել մարմնի 35 տոկոսի այրվածքներով: Առայժմ հայտնի չէ, թե նա ինչպիսի հանգամանքներում է այդ այրվածքները ստացել, որոնք դարձան նրա մահվան պատճառը:
Այս դեպքերը մեկնաբանելով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ պացիենտները կարող են մահանալ ցանկացած փոխադրամիջոցով տեղափոխելու ժամանակ, իսկ ուղղաթիռները համապատասխանում են պացիենտների տեղափոխության համար նախատեսված փոխադրամիջոցներին ներկայացվող բոլոր պահանջներին:
Հիշեցնենք, որ H125/AS350 B3 e ուղղաթիռը ապրիլի 8-ից օգտագործվոմ է մարզերից ծանր վիճակով հիվանդներին Երեւան տեղափոխելու համար: Ապրիլին ուղղաթիռը Երեւան է տեղափոխել 9 պացիենտի, դրա համար պահանջվել է թռիչքային 12 ժամ:






