Հայաստանի մարզադպրոցները 100 տոկոսով հարմարեցված չեն հաշմանդամների կարիքներին: Այս մասին հայտնեց հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը՝ վկայակոչելով անցկացված մոնիթորինգի արդյունքները:

Նրա խոսքով՝ հաշմանդամներին, մասնավորապես, անհասանելի են սանհանգույցները եւ հանդերձարանները: Այսպիսով, ինչպես նշվեց, հանրապետությունում գործող նորմատիվներին չեն հետեւում: «Արդյունքում խախտվում են սահմանափակ հնարավորություններով երեխաների եւ երիտասարդների սպորտով զբաղվելու իրավունքները»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ համապատասխան նորմատիվների խախտման համար հարկավոր է տուգանքի պատժամիջոց սահմանել:

Աբրահամյանը նշեց, որ պետությունը նաեւ պատշաճ ուշադրություն չի դարձնում հաշմանդամների միջազգային սպորտային մրցումներին Հայաստանի մասնակցությանը: «Պետությունը միջոցներ է հատկացնում Պարալիմպիական խաղերին մասնակցելու համար, սակայն ֆինանսական աջակցություն ցույց չի տալիս մշտական մարզումների, հավաքների կազմակերպման եւ այլ միջազգային մրցումներին (Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ) մասնակցելու համար: Մինչդեռ առանց այս բաղադրիչի մեր մարզիկները չեն կարողանա Պարալիմպիական խաղերում բարձր արդյունքների հասնել»,- շեշտեց փորձագետը:

«Ամենահամեստ գնահատականներով՝ Պարալիմպիական խաղերին մեկ մարզիկի լիարժեք նախապատրաստումն ապահովելու համար անհրաժեշտ է 40 հազար եվրո՝ 4 տարվա համար հաշվարկած, այսինքն՝ ամեն տարի 10 հազար եվրո»,- հավելեց Աբրահամյանը:

Նրա խոսքով այս հարցերի լուծման հույս ունենալով՝ բազմիցս դիմել է պետական մարմիններին, սակայն ապարդյուն: «Պետությունը, չգիտես ինչու, համարում է, որ հաշմանդամների սպորտի զարգացմամբ պետք է զբաղվեն բացառապես հասարակական կազմակերպությունները: Տարեկան հատկացվում է միայն 3 մլն դրամ ամբողջ Հայաստանում հաշմանդամ մարզիկների եռօրյա մրցումներ անցկացնելու համար, սակայն իրականում այս գումարը չի բավականացնում, եւ մենք ստիպված ենք ապավինել հովանավորներին»,- ասաց նա: