Հայաստանում գործարկվել է բջջային հավելված, որի միջոցով ամեն մարդ կկարողանա տեղեկացնել այն կողմնակի ազդեցությունների մասին, որոնց կբախվի այս կամ այն դեղն ընդունելիս։

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ամբողջ տեղեկատվությունը, որը կստացվի օգտատերերից, կհավաքվի եւ կվերլուծվի ակադ. Է.Գաբրիելյանի անվան  դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնում։ Փորձագետները, վերլուծելով ստացված տվյալները, որոշում կընդունեն հետագա գործողությունների մասին. գուցե, պացիենտներին կզգուշացնեն, որ այս կամ այն դեղը կարող է ունենալ ինչ-որ կողմնակի ազդեցություններ, իսկ եթե կողմնակի ազդեցությունները չափազանց լուրջ են, կարող է նաեւ որոշում ընդունվել դրա օգտագործումը գործնականում դադարեցնելու կամ հանելու մասին։

Նախարարի խոսքով՝ այս հավելվածը եւս մեկ գործիք է, որի օգնությամբ առողջապահության համակարգը կարող է վերահսկել դեղերի որակն ու անվտանգությունը։ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանն իր հերթին նշել է, որ դեղերի կողմնակի ազդեցությունների մասին տեղեկացնելու հնարավորությունը գիտական կենտրոնում եղել է նաեւ առաջ՝ թեժ գծի (+374 10 20 05 05, 096 22 05 05) կամ առցանց՝ pharm.am կայքի միջոցով։  Բայց բջջային հավելված օգտագործելը շատ ավելի հեշտ է։

Կենտրոնի մասնագետները, տվյալներն ստանալով, վերլուծում են դրանք, որպեսզի հասկանան՝ կա՞ արդյոք պատճառահետեւանքային կապ դեղի ընդունման եւ պացիենտի նկարագրած ախտանիշների առաջացման միջեւ։ Հետո ինչ անելու մասին որոշումն ընդունվում է բոլոր ռիսկերի գնահատումից հետո. եթե դեղն ունենա իսկապես վտանգավոր կողմնակի ազդեցություններ, դրա օգտագործումը կարող են դադարեցնել։

WEB-RADR SAV  հավելվածը հասանելի է հայերեն։ Այն կարելի է բեռնել Play Store (Android) I App Store (iOS)-ում։ Անվճար է եւ հարմար օգտագործման համար։

Հավելվածը մշակվել է 3S-Smart Safety Surveillance ծրագրի շրջանակում, որը իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ՝ բրիտանական դեղամիջոցների գործակալության հետ համատեղ։