Ժամանակի ընթացքում մարդու դիմագծերը էվոլյուցիոն զարգացում են ապրել` հարվածներին դիմակայելու համար: Այս մասին է վկայում վերջերս իրականացված հետազոտությունը, որի արդյունքները «Biological Reviews» ամսագրում են հրապարակվել: 

Մասնագետները պարզել են, որ ժամանակի ընթացքում մարդու դեմքն ավելի ամուր է դարձել` համեմատաբար փոքր օբյեկտներից պաշտպանվելու համար` ինչպես, օրինակ, բռունցքն է: «Ձեռնամարտի բռնված տղամարդիկ սովորաբար հակառակորդի դեմքին են հարվածում» - ասում է հետազոտության համահեղինակ Դեվիդ Քերիերը` հավելելով. «Մենք պարզել ենք, որ ամենից շատ էվոլյուցիոն փոփոխությունների են ենթարկվել գանգի` ձեռնամարտի ընթացքում կոտրվածքներ ստանալու առումով առավել խոցելի հատվածները»:

Տղամարդկանց եւ կանանց դիմագծերը խիստ տարբերվում են միմյանցից: Հետազոտության հեղինակները գտնում են, որ առաջ քաշված հիպոթեզի ամենացայտուն ապացույցն այն է, որ ժամանակակից մարդիկ կարող են դիմացինի դեմքի ձեւից եւ ձայնի տեմբրից հստակ պատկերացում կազմել նրա ուժի եւ մարտունակության մասին: Ահա թե ինչու են տղամարդու հզոր պարանոցն ու կզակը գրավիչ հատկություն եւ ուժի վկայություն համարվում, գրում է Medical Daily-ն:

Քերիերն իր գործընկերոջ` Յուտայի համալսարանի աշխատակից Մայքլ Մորգանի հետ միասին, բռնության էվոլյուցիան է ուսումնասիրել: Նրանք համոզված են, որ երեւույթը մեծ դերակատարում է ունեցել մարդու զարգացման գործում:

Մարդկային բնության մութ կողմերի մասին բանավեճը ֆրանսիացի փիլիսոփա Ռուսոյի տեսության վրա է հիմնված: Վերջինս գտնում էր, որ նախքան քաղաքակրթությունը, մարդիկ բարեսիրտ վայրագներ են եղել եւ որ քաղաքակրթությունը մեծ վնաս է պատճառել նրանց ու առավել դաժան դարձրել: Գաղափարը մինչ այժմ էլ սոցիալական գիտությունների թեզերից մեկն է համարվում եւ վերջին տասնամյակներին մի խումբ ջատագովներ է ձեռք բերել` հանձինս էվոլյուցիոն կենսաբանների եւ մարդաբանների: Սակայն քիչ չեն նաեւ այն էվոլյուցիոն կենսաբանները, որոնք գտնում են, թե ապացույցներ են գտել առ այն, որ մեր նախնիները բոլորովին էլ խաղաղասեր չեն եղել:

Մորգանը հույս է հայտնել, որ գիտական հետազոտությունների շնորհիվ կարելի է հայելու մեջ սեփական արտացոլանքը տեսնել եւ ծանր աշխատանք սկսել` դեպի լավը փոխվելու համար: