Հայաստանը ստիպված քաղում է Ռուսաստանում ՄԻԱՎ համաճարակի հետեւանքները։ Այս մասին NEWS.am Medicine-ի հարցազրույցում տեղեկացրել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ փորձագետ, «Խտրականության դեմ պայքարի եւ հանուն հավասարության» կոալիցիայի նախագահ Հովհաննես Մադոյանը։ Փորձագետն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ հանրապետությունում ՄԻԱՎ տարածման ամենատարածված ուղիներից մեկը աշխատանքային միգրացիան է։ Գաղտնիք չէ, որ աշխատանքային միգրանտների զգալի մասը նախընտրում է մեկնել Ռուսաստան։

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ կանխարգելման մեթոդներից մեկը ուսուցողական սեմինարների անցկացումն է աշխատանքային միգրանտների շրջանում։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ «սեզոնային» աշխատանքային միգրանտների հիմնական տոկոսը կազմում են գյուղական համայնքների բնակիչները, գյուղերում պարբերաբար իրականացվում է ՄԻԱՎ հետազոտություն շարժական լաբորատորիայի օգնությամբ։

«Այդ ամենը ՄԻԱՎ հայտնաբերման արդյունավետ մեթոդներ են, բայց կանխարգելիչ միջոցառումները պետք է անցկացվեն նաեւ Ռուսաստանում, ուր էլ հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում։ Այս պարագայում մենք խիստ կախված ենք ՄԻԱՎ կանխարգելման քաղաքականությունից, որը վարում է Ռուսաստանը»,- նշել է Մադոյանը։

Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանից են արտագնա աշխատանքի մեկնածները ավելի հաճախ «բերում» ՄԻԱՎ, ինչը զարմանալի չէ, չէ՞ որ արտասահման վաստակի մեկնող հայերի ավելի քան 80 տոկոսը ընտրում է Ռուսաստանի Դաշնությունը։ ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքեր գրանցվել են նաեւ Ուկրաինայում, բայց դրանց թիվը, ՌԴ-ի համեմատ, շատ ավելի փոքր է։

«Մենք ստիպված ենք քաղել Ռուսաստանում ՄԻԱՎ համաճարակի հետեւանքները։ Այն, ինչ կարող ենք մենք անել, ջանքերն ուղղելն է ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերմանը եւ ժամանակին բուժմանը, ինչպես նաեւ տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, մանավանդ բարձրդասարանցիների եւ երիտասարդների շրջանում։ Ցավոք, ինչպես ցույց է տալիս փորձը, ուսուցիչները ուշադրությունը չեն սեւեռում այս հարցերի վրա»,- նշեց փորձագետը։

2019 թվականի ապրիլի 30-ի տվյալներով՝ Հայաստանում 1988-ից սկսած հայտնաբերվել է ՄԻԱՎ 3472 դեպք հանրապետության քաղաքացիների շրջանում, որոնցից 429-ը՝ անցած տարի։ ՄԻԱՎ դեպքերի 69 տոկոսը հայտնաբերվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, 1,7 տոկոսը կամ 58 դեպք՝ երեխաների մոտ։ ՄԻԱՎ 51 տոկոսը բաժին է ընկնում 25-39 տարեկաններին։

70 տոկոսի դեպքում ՄԻԱՎ-ը փոխանցվել է հետերոսեքսուալ ճանապարհով, 20 տոկոսի դեպքում՝ թմրանյութերի ներերակային ներարկման, 4,4 տոկոսի դեպքում՝ հոմոսեքսուալ ճանապարհով, 1,5 տոկոսի դեպքում՝ մորից երեխային, 0,1 տոկոսի դեպքում՝ արյան միջոցով։

ՄԻԱՎ-ով վարակված 1746 մարդու, այդ թվում՝ 33 երեխաների եւ 445 կանանց ախտորոշվել է ՁԻԱՀ։ Սկսած 1988-ից՝ Հայաստանում մահացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 807 մարդ, այդ թվում՝ 155 կին եւ 11 երեխա։