Շվեդիայից Հայաստանին նվիրաբերված նոր գծային արագացուցիչը, այլ սարքերի համեմատությամբ, առավել անվտանգ եւ արդյունավետ է գործում. այն կարող է նշանակալիորեն բարելավել քաղցկեղային ուռուցքների բուժման որակը: Տեղեկությունը NEWS.am Medicine-ի թղթակցին «Գոմելի մարզային կլինիկական ուռուցքաբանական դիսպանսերի» առաջնակարգ բժշկական ֆիզիկոս Վադիմ Պիշնյակն է հայտնել:

Հիշեցնենք` հունիսի 13-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնը Էլեկտա Կոմպակտ նոր գծային արագացուցիչ է նվեր ստացել: Վադիմ Պիշնյակը Հայաստան է ժամանել` սարքը մասնագետներին ներկայացնելու համար:

«Էլեկտա Կոմպակտը խիստ ժամանակակից եւ բարդ սարքավորում է, ներկայումս բժշկության մեջ կիրառվող ամենաբարդերից մեկը: Մինչ այժմ Հայաստանում այսպիսի դասի, բուժման ընթացքում հիվանդի զննման նման համակարգերով զինված սարքավորում չի եղել», - նկատել է Վադիմ Պիշնյակը:

Նրա խոսքով, նոր գծային արագացուցիչն անհամեմատ անվտանգ է մյուս` չարօրակ ուռուցքների բուժման համար օգտագործվող սարքավորումներից. հիմնական առավելությունն այն է, որ դրա օգնությամբ միայն ուռուցքն է ճառագայթման ենթարկվում, ասել է թե` հիվանդի առողջ հյուսվածքներն անվնաս են մնում եւ բուժման բարդությունները նվազագույնի են հասցվում:

«Մինչ այժմ կիրառվող բուժման եղանակները բարձր ինտոքսիկացիայով էին զուգորդվում, ինչը հիվանդները շատ ծանր էին տանում», - հիշեցրել է բժշկական ֆիզիկոսը:

Նրա խոսքով, աշխարհի բոլոր առաջնակարգ բժշկական կենտրոններում նոր գծային արագացուցիչներ են կիրառվում, եւ քաղցկեղ ունեցող հիվանդների մեծ մասը հենց այդպիսի բուժում է ստանում:

Կարծես թե` նմանատիպ ժամանակակից եւ արդյունավետ սարքավորման կիրառմամբ քաղցկեղային հիվանդություններից մահացության մակարդակի նվազեցում պետք է նկատվեր: Այնինչ հիշյալ ցուցանիշը շարունակում է աճել:

Պիշնյակի համոզմամբ, քացկեղից մահացությունը միայն բուժման հետեւանքը չէ, քանի որ բժիշկներն ընդամենը փորձում են բուժել այն, ինչն արդեն գոյություն ունի, եւ ոչ` հիվանդության պատճառը:  

«Ոչ ոք դեռեւս այդ հիվանդության համադարմանը չի գտել: Առայժմ կարող ենք ընթացքը որոշ ժամանակով կանգնեցնել, բայց եթե չհաջողացնենք առաջացման գործոնները վերացնել, օրինակ, եթե հիվանդը շարունակի ակտիվորեն ծխել, հիվանդության վերադարձը ցանկացած պահի կարող է լինել», - նշել է Պիշնյակը: