Կարծում եք` վատ օ՞ր եք ունեցել: Հավատացեք` ավելի վատ դեպքեր էլ են լինում: Խոսքը մի կանադացու մասին է, ով ցանկացել է անանուն մնալ: Նա արդեն դատի է տվել տեղական հիվանդանոցներից մեկին` անհաջող վիրահատության արդյունքում առնանդամը նշանակալի չափով կարճացնելու համար, որի արդյունքում արդեն երկու տարի է` սեռական հարաբերություններն անհնար են դարձել: Բացի այդ, տուժածը ոչ միայն սեռական կյանքն է կորցրել, այլ նաեւ` ընտանիքը, պատմում է The Medical Daily-ն:

Տղամարդը, ով ստորին վերջույթների կաթվածով է տառապում, 2011թ. հուլիս ամսին, կնոջ հետ սեռական հարաբերության ժամանակ, վնասել էր առնանդամը եւ Մոնրեալի հիվանդանոցներից մեկը շտապել: Բուժհաստատության քույրերից մեկը, ինչպես դատական հայցում է նկարագրված, առանց շոշափելու, վիզուալ կերպով զննել է վնասվածքը եւ իր դիտարկումները հեռախոսով ուրոլոգին հայտնել: Վերջինս էլ, ելնելով բուժքրոջ զննման արդյունքներից, առնանդամի թեթեւ վնասվածք է ախտորոշել: Այնինչ, ինչպես հետագայում պիտի պարզվեր, տուժածը կոտրվածք է ունեցել:

Որոշ ժամանակ անց տղամարդուն վիրահատել են: Բայց, դժբախտաբար, վիրահատությունը «սպի» է թողել նրա առնանդամին` ստիպելով կնոջը` թողնել ամուսնուն, քանի որ արդեն երկու տարի է` սեռական հարաբերություններ չեն ստացվում: Բոլոր դժբախտություններին գումարվել է այն, որ վիրահատության օբյեկտն այժմ գրեթե 2,5 սմ-ով կարճ է նախկինից: «Սա ավելի մեծ ողբերգություն էր, քան երբ ոտքերս կորցրի», - հայտարարել է կանադացին, ով ներկայումս 150 հազար ԱՄՆ դոլար է պահանջում հիվանդանոցից` բժշկական անփութության համար: