21-րդ դարում անհնար է չափահաս մարդուն առանց բջջային հեռախոսի պատկերացնել: Ընդ որում, փոքրիկ սարքը որտեղ ասես կարելի է պահել, բայց Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացիներից մեկը, անհասկանալի պատճառով, անցել է ինքնատիպության բոլոր սահմանները: Նա իր բջջային հեռախոսը բերանի մեջ էր պահում. ի վերջո Քլերքսդորփի հիվանդանոցի բժիշկները ստիպված են եղել շնչառական լուրջ խնդիրների առաջ կանգնած տղամարդու բերանում խցանված սարքը  վիրաբուժական գործիքների օգնությամբ հեռացնել, հաղորդում է The Medical Daily-ն:

2012թ. մայիս ամսին նկարահանված տեսանյութն այս շաբաթ LiveLeak կայքում է տեղակայվել` TemperVale անունը կրող օգտատիրոջ կողմից եւ ավելի քան 75 հազար դիտում ապահովել: Մինչ այդ էլ` երկու տարի առաջ, վիրահատական անձնակազմի անդամներից մեկի` Էդվին Շինգոյի թեթեւ ձեռքով, այն YouTube-ում էր հայտնվել` «բջջային կուլ տված տղամարդը» մեկնաբանությամբ:

Պետք է ասել, որ տեսագրությունը սրտից «թույլ» մարդկանց համար չէ: Նկարահանված կադրերը հեռախոսի արտազատման ողջ գործընթացն են պատկերում` քայլ առ քայլ, մինչ վիրահատական սեղանի մոտ հավաքված բժիշկները հազիվ են ծիծաղը պահում` տեսնելով, թե ինչպես է սարքը դուրս սպրդում տղամարդու բերանից: 

Պետք է ասել, որ բերանը միակ տեղը չէ, որտեղ բջջային հեռախոս է խցանվել: ԱՄՆ Ջեորջիա նահանգում բնակվող մի իրավաբան «անբաժան ընկերոջ» հետ ցնցուղ ընդունելիս վայր է ընկել եւ, հեռախոսը չգտնելով, հասկացել, որ հետանցի մասում ցավեր ունի: Ամենազվարճալին այն է, որ վիրահատության ընթացքում այն հասցրել է երեք անգամ զնգալ: