Ակտիվիստները մտահոգ են ՄԻԱՎ ունեցող անօթեւան մարդկանց ճակատագրով։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ հարցազրույցում տեղեկացրել է «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ ղեկավար Անահիտ Հարությունյանը, ՄԻԱՎ ունեցող մարդը, համաձայն գործող օրենսդրության, չի կարող տեղավորվել ծերանոց։ «Այնինչ, ՄԻԱՎ ունեցողը, որը կանոնավորապես հակավիրուսային թերապիա կստանար, չր հանդիսանում վիրուսի տարածման աղբյուր»,- ընդգծել է նա։

Ինչո՞ւ է այս հարցը հրատապ Հայաստանի համար։ Հարությունյանը նշում է. 2017-ի ձմռանը հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ ունեցող անօթեւանի մահվան դեպք։ Հասարակական սեկտորի ներկայացուցիչները փորձում էին նրան տեղավորել ծերանոցում, բայց ապարդյուն։ Արդյունքում՝ նա մահացել է փողոցում ցրտից։

Տառացիորեն մեկ ամիս առաջ տագնապալի ազդանշան ստացվեց. տարեց անօթեւանը, որ ՄԻԱՎ ուներ, կոտրել էր ոտքը եւ խնամքի կարիք ուներ, բայց նա կարող է ենթարկվել փողոցում մնալու վտանգին։ Օրենքը նրա կողմում չէ, չէ՞ որ, համաձայն գործող օրենսդրության, ՄԻԱՎ ունեցող անձը չի կարող տեղավորվել ծերանոց։ «Այնինչ, նա հաշվառված է ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում, կանոնավորապես անհրաժեշտ դեղեր է ստանում եւ, ուրեմն, չի կարող լինել վիրուսի տարածման աղբյուր»,- կարծում է Հարությունյանը։

Կոնկրետ հիվանդի հարցը, կարծես, լուծում ստացել է. հասարակական սեկտորի աջակցությամբ բնակարան է վարձվել։ Բայց նման դեպքերը ստիպում են փորձագետներին գործել ավելի ակտիվ։ «Մենք մշակել ենք առաջարկությունների փաթեթ եւ նախատեսում ենք այն քննարկել առողջապահության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների մակարդակով»,- տեղեկացրել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ չնայած պետական կառույցների կողմից պատրաստակամություն կա երկխոսելու, տարեցների խնամքի հաստատություններում նման հեռանկարին վախի չափաբաժնով են մոտենում։ Հարությունյանի կարծիքով՝ դա վկայում է այն մասին, որ այնտեղ աշխատող մասնագետները կարիք ունեն վերապատրաստման դասընթացների եւ տեղեկացվածության բարձրացման ՄԻԱՎ տարածման ուղիների մասին։