35-ամյա Լինդսի Հաբլին զրկվել է չորս վերջույթներից այն բանից հետո, երբ ծննդաբերության ժամանակ վարակվել է մսակեր մանրէներով։ Որդու ծնվելուց հետո 4 օր անց կինը թուլություն է զգացել, դող եւ ցավ որովայնում։ Վիճակն այնքան է վատացել, որ բժիշկները ստիպված են եղել նրան դեղորայքային կոմայի մեջ գցել։

Լինդսիի մոտ ախտորոշել են քայքայիչ ֆասցիիտ՝ վարակ, որն առաջ է գալիս Streptococcus pyogenes կամ Clostridium perfringens մանրէներով։ Դրանք ախտահարում են մակերեսային եւ խորքային ֆասցիան (օրգանների եւ անոթների միավորիչ թաղանթ) եւ ենթամաշկային բջջանյութը։ Կնոջ կյանքը փրկելու համար բժիշկները ստիպված էին անդամահատել նրա վերջույթները, ինչպես նաեւ հեռացնել արգանդն ու ձվարանները։ Ընդհանուր առմամբ, կինը հիվանդանոցում է մնացել 420 օր։

Լինդսիի ընտանիքը դատի է տվել հիվանդանոցը։ Ինչպես պնդում են փաստաբանները, վարակի զարգացման պատճառը անորակ բուժսպասարկումն է եղել. բժիշկների անփութության պատճառով ընկերքը հեռացվել է միայն մասամբ։ Մեկ հայց էլ տրվել է այն պատճառով, որ քայքայիչ ֆասցիիտը ժամանակին չի ախտորոշվել, ինչը հանգեցրել է վերջույթների անդամահատման։

Լինդսին խոստովանում է, որ առողջական խնդիրների եւ երկարատեւ վերականգնման պատճառով նա այնքան է հեռացել որդուց, որ երեխան երբեմն անգամ հրաժարվում է մոտենալ նրան։ Չնայած կենսական դժվարություններին, կինը ջանում է չվհատվել եւ սովորում է ինքնուրույն կատարել այս կամ այն գործողությունը։ Այդ նպատակով նրա տունը հագեցվել է հատուկ հարմարություններով այն անձանց համար, որոնք հաշմանդամություն ունեն։ Բացի այդ, Լինդսիի համար պատրաստվել են ձեռքերի եւ ոտքերի պրոթեզներ։ Կինը երիկամի փոխպատվաստման կարիք ունի եւ ներառված է դոնորական օրգանի սպասման ցուցակում։

Հակառակ գլխին թափված բոլոր դժբախտություններին՝ Լինդսին հավաստիացնում է, որ նման փորձություններ նորից կկրեր հանուն որդու ծնվելու։