28-ամյա Սոֆի Ուորդլը Անգլիայից քիչ մնաց մահանար սխալ ախտորոշման պատճառով։
Կինը ցնցումների մեջ էր ընկել եւ խնդիրներ ունեցել շնչառության հետ կապված, բայց բժիշկները կարծում էին, որ տկարությունն առաջացել է սթրեսի պատճառով։ Միայն հերթական նոպայից հետո, որը տեղի ունեցավ հենց հիվանդանոցում, նրան ուղարկեցին ՄՌՏ-ի։ Բուժզննումը հայտնաբերեց չարորակ ուռուցք ուղեղում՝ նարնջի մեծության։ Սոֆիին կրանիոտոմիա արեցին (բացեցին գանգը), բայց վիրաբուժական միջամտությունը չփրկեց նրան հիվանդության կրկնությունից։
Այսօրվա դրությամբ կինը բուժումներ է ստանում եւ հույս ունի, որ իր պատմությունը կբարձրացնի ուղեղի ուռուցքի մասին իրազեկության մակարդակը։ «Ցնցումները եւ շնչառական խնդիրները բժիշկները վերագրում էին սթրեսին, տագնապայնությանն ու խուճապի նոպաներին։ Միայն այն բանից հետո, երբ ինձ հետ հենց հիվանդանոցի միջանցքում նոպա պատահեց, նրանք որոշեցին ավելի լուրջ վերաբերվել ախտորոշում կայացնելուն»,- ասում է նա։
Արդյունքում՝ ուղեղի քաղցկեղն ախտորոշվեց երրորդ փուլում, ինչը զգալիորեն նվազեցրեց հաջող բուժման հնարավորությունը։ Կրկնությունն ի հայտ եկավ կրտսեր երեխայի ծնվելուց հետո։ Ուղեղի երկու վիրահատությունից հետո Սոֆին խոսքի եւ կոորդինացիայի խնդիրների պատճառով այդպես էլ չկարողացավ ավարտել բուժքույրերի դասընթացները։
«Ես փորձում եմ վայելել կյանքիս յուրաքանչյուր վայրկյանը հանուն երեխաներիս։ Պետք է պայքարել եւ խիզախ լինել»,- նշում է նա։






