Ո՞ր դեպքերում է ցուցված ծննդաբերության խթանումը։ Արդյո՞ք այն վտանգավոր չէ։ Այս հարցերը հուզում են ոչ միայն հղի կանանց, այլեւ բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են մտածում երեխա ունենալու մասին։ Գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց այն մասին, թե երբ եւ ինչու են բժիշկներն ու մանկաբարձները որոշում խթանել ծննդաբերությունը։

Գինեկոլոգի խոսքով՝ ծննդաբերության պրոցեսի խթանման համար մի քանի հիմնական ցուցում կա.

1. Հղիության գերկրում

Շատ հաճախ ծննդաբերության խթանումը ցուցված է լինում հղիության գերկրման ժամանակ։

«Ըստ տարբեր ուղեցույցերի՝ հղիությունը գերկրված է համարվում 41-42-րդ շաբաթից հետո։ Սովորաբար, երբ 41-րդ շաբաթն ավարտվում է, մենք սկսում ենք մտածել ծննդաբերության խթանման մասին։ Իսկ եթե հղիության ժամկետն լրիվ 42 շաբաթ է, խթանումն արդեն ցուցված է», - ասաց Ռուսուդան Վարդանյանը։

Արդյո՞ք հղիության գերկրումը վտանգավոր է։

Գինեկոլոգի խոսքով՝ հղիության գերկրումը մի քանի վտանգ ունի։ Նախեւառաջ, «ծերանում է» ընկերքը, որի միջոցով պտուղը մորից սննդարար նյութեր է ստանում։ «Ծերացած» ընկերքը իր ֆունկցիաները լիարժեք չի կատարում, եւ պտուղը չի ստանում այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է նորմալ զարգացման համար։

Երկրորդ խնդիրը, որը կարող է առաջանալ հղիության գերկրման ժամանակ, պտղի ոսկորների չափից ավելի պնդացումն է։ 40-41 շաբաթվա հղիության ժամանակ երեխայի ոսկորները արդեն բավականաչափ պինդ են, իսկ ավելի ուշ ժամկետում նրանք էլ ավելի են պնդանում, իսկ գաղտունը փակվում է, ինչը նկատելիորեն դժվարացնում է ծննդաբերությունը։

Գերկրված հղիության ժամանակ երրորդ հնարավոր բարդությունը հիպօքսիան է, որն առաջանում է ընկերքի ֆունկցիայի խանգարման հետեւանքով։ Հիպօքսիայի պատճառով պտուղի զարգացումը կարող է դադարել եւ դա կարող է հանգեցնել մահվան։

2. Բժշկական ցուցումներ

Ծննդաբերության խթանումը հնարավոր է նաեւ բժշկական ցուցումներով՝ թե մոր, թե պտղի կողմից։ Եթե նման ցուցումներ կան, բժիշկներն ու մանկաբարձները կարող են որոշել խթանել ծննդաբերությունը նույնիսկ մինչեւ 41-րդ շաբաթի ավարտը։

3. Ծննդաբերական գործունեության կանգ

Ինչպես նշեց Ռուսուդան Վարդանյանը, երբեմն բնական ճանապարհով ընթացող ծննդաբերությունը հանկարծակի կանգ է առնում։ Նման դեպքերում բժիշկները կարող են որոշում կայացնել ծննդաբերությունը արհեստականորեն խթանելու մասին ։

Այսպիսով, սովորաբար ծննդաբերությունը խթանում են վերը նշված դեպքերում, սակայն ծննդաբերության ժամանակ միշտ կարող են անսպասելի հանգամանքներ առաջ գալ, այդ պատճառով միայն փորձառու մասնագետը պետք է որոշի, թե երբ ինչ է կարելի անել։