Քաղցկեղի դեպքերի 4-10 տոկոսը բաժին է ընկնում մաշկի քաղցկեղին։ Միայն Միացյալ Նահանգներում ամեն տարի գրանցվում է 1 մլն նոր դեպք։ Այս մասին տեղեկացրել է Միքայելյանի անվան ինստիտուտի դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Պապիկյանը։

Ելույթ ունենալով Առողջությանն ընդառաջ երրորդ միջազգային կոնֆերանսում՝ Պապիկյանը տեղեկացրեց, որ մաշկի քաղցկեղի առաջացման վրա ազդող գործոններ են, մասնավորապես, գենետիկ գործոնը եւ պացիենտի իմունոլոգիական խնդիրների առկայությունը։ Ինչ վերաբերում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, ապա առավել վտանգավորը մաշկի քաղցկեղի առաջացման տեսակետից UVB միջնալիք ուլտրամանուշակագույնն է։ UVC-ի (կարճալիք ուլտրամանուշակագույն) հետ միասին այն համարվում է քաղցկեղածին։

Նրա խոսքով՝  մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունն ուղղակիորեն կախված է օրգանիզմում մելատոնինի քանակից. որքան բարձր է դրա խտությունը, այնքան ավելի քիչ ազդեցություն են գործում մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Ինչպես նշվեց, մաշկի քաղցկեղը կարող է հանդիպել ցանկացած ռասայի ներկայացուցչի, այդ թվում լատինամերիկացիների եւ աֆրիկյան մայրցամաքի ժողովուրդների մոտ։ 75 տոկոս դեպքերում քաղցկեղի այս տեսակը զարգանում է մարմնի այն հատվածներում, որոնք առավել շատ են ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը (օրինակ՝ դեմքը)։ Հետաքրքիր փաստ. մինչեւ 40-45 տարեկանը տղամարդկանց եւ կանանց մոտ գրեթե հավասար է մաշկի քաղցկեղով հիվանդանալու վտանգը։ Բայց դրանից հետո տղամարդկանց պարագայում ռիսկն ավելանում է երեք անգամ։

Մաշկի քաղցկեղի տեսակներից մեկն է բազալիոման, որը, որպես կանոն, առաջանում է բաց մաշկային ծածկույթներում։ Դրա բուժման ժամանակ կիրառում են, մասնավորապես, ճառագայթային, դեղորայքային եւ կրիոգեն թերապիա. քաղցկեղի այս տեսակից մահացության մակարդակը չափազանց ցածր է։

Հունիսի 1-ին Երեւանում մեկնարկել է Առողջությանն ընդառաջ երրորդ միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են մասնագետներ Հայաստանից, Լեհաստանից եւ ԱՄՆ-ից։ Միջոցառման կազմակերպիչն է Europa Donna Armenia-ն։