Շոգ եղանակին  մարդու օրգանիզմի վրա  առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են`օդի բարձր ջերմաստիճանը և  ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Այդ մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Օրգանիզմի ջերմատվության հիմնական ուղին քրտնարտադրությունն է, որն ապահովում է ջերմատվության 85%-ը, այն խիստ ավելանում է շոգ եղանակներին` նպաստելով օրգանիզմի հովացմանը: Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2.5 լիտր հեղուկ, շոգ եղանակին՝ կարող է հասնել մինչև 4 լիտրի:

Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը և խրոնիկ հիվանդություններով տառապող անձնինք: Միաժամանակ, շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջանալու վտանգը` խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով:

Խորհուրդ է տրվում օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապեսջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Մեծ քանակությամբ աղերի ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում և անցկացնում է հոգնածությունը:

Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի  և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն թեյը պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։

Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել: Խորհուրդ է տրվում չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում: