Գիշերը, անկողնում պառկած, մերթ ընդ մերթ անհանգստությամբ ժամացույցին եք նայում` մտածելով, որ մի քանի ժամից ստիպված եք լինելու արթնանալ եւ աշխատանքային օրվա ընթացքում ուժասպառ, քնկոտ եւ չկենտրոնացված մարդու տե՞սք ունենալ: Գաղտնիք չէ, որ անքնության կարճաժամկետ հետեւանքները հենց ցերեկային ժամերին են ի հայտ գալիս:

Պետք է ասել, որ տարեկան շուրջ 40 մլն ամերիկացիների մոտ նույնանման խնդիրներ են առաջանում: Եւս 20 միլիոնն էլ ժամանակ առ ժամանակ է քնի հետ կապված խնդիրներ ունենում:

Մարդուն անհրաժեշտ քնի չափը տարբեր գործոններից է կախված, տարիքը` ներառյալ: Չափահասների համար լավագույն տարբերակը 8 ժամ տեւողությամբ հանգիստն է, սակայն լինում են դեպքեր, երբ 5 ժամն էլ բավական է, կամ հակառակը` 10 ժամ է հարկավոր:

Եթե անքնությունը քրոնիկ բնույթ ունի, հարկավոր է անհապաղ բժշկի դիմել: Ժամանակի ընթացքում քնի կորուստը ձեր առողջության վրա բացասական անդրադարձ կունենա: Բացի այդ, այն կարող է նաեւ այլ հիվանդության հետեւանք լինել: Իսկ եթե ժամանակ առ ժամանակ չեք կարողանում քնել` խորհուրդ կտանք հետեւյալ ռազմավարական միջոցներին հետեւել.

1. Քնելն այնքան կարեւոր բան համարեք, որքան դեղահաբ ընդունելն է

Օրվա առաջնայնությունների ցանկում քունը թերեւս ստորին հորիզոնականն է զբաղեցնում: Այնինչ պատկերը բոլորովին այլ պետք է լինի: Հեշտ է` գիշերը վեր կենալ անկողնուց եւ, լույսերը միացնելով, ինչ-որ գործ նախաձեռնել: Բայց այդ կերպ արդեն ինքներդ եք ձեզ քնից զրկում:

2. Քնի ժամանակացույց մշակեք

Ամեն օր նույն ժամին քնեք եւ նույն ժամին էլ արթնացեք: Շաբաթ-կիրակի օրերին երկար քնելու արդյունքում երկուշաբթի առավոտյան դժվարությամբ կարթնանաք, քանի որ այդ կերպ քնի ցիկլն է խախտվում: Անկողին մտնելուց առաջ կարեւոր է օրգանիզմը հանգստի ռեժիմի տանող որեւէ գործողություն ձեռնարկել` լոգանք ընդունել կամ գիրք կարդալ: Բացի այդ, հիշյալ գործողությունները հետագայում քնի հետ կասոցացվեն:

3. Հեռու մնացեք սմարթֆոններից եւ թաբլեթներից

Էլեկտրական սարքերը ձեր միտքը կշարունակեն «բզզոցի» մեջ պահել, եւ քնից առաջ հանգստանալու հնարավորություն չեք ունենա: Անկողին մտնելուց կես ժամ առաջ ազատվեք այդ սարքերի հսկողությունից:

4. Գիշերն արթնանալու դեպքում ժամացույցին մի նայեք

Ժամացույցին նայելը հասարակ գործողություն չէ: Սկսում եք հաշվել, թե որքան ժամանակ է` անկողին եք մտել եւ ինչ գործեր ունեք հաջորդ օրվա համար պլանավորված: Դրա համար բավականին երկար ժամանակ է պահանջվում:

Քնելու բուռն ցանկությունն իր հերթին կարող է անքնություն առաջացնել: Ժամին նայելու եւ անհանգստանալու փոխարեն 20 րոպե անց վեր կացեք անկողնուց եւ հանգստացուցիչ որեւէ բան արեք` ընթերցեք, հեռուստացույց դիտեք կամ երաժշտություն լսեք` մինչեւ կզգաք, որ կրկին քնել եք ուզում: