27-ամյա Ջեսի Լի Հերալդը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել երեխայի կյանքի համար սպառնալիքի ստեղծման, ավտովթարից հետո փախուստի փորձի եւ ժամկետանց վարորդական իրավունքով ավտոմեքենա վարելու մեջ եւ վազէկտոմիայի ենթարկվելու համաձայնություն տվել: Հիմա կհարցնեք` ի՞նչ կապ ունի վազէկտոմիան ավտավթարի եւ փախուստի հետ: 

Հյուսիսային Վիրջինիայի համայնքային դատախազի օգնական Իլոնա Ուայթը մեկնաբանել է, թե դատավճռի տարօրինակ դրույթի հիմնական շարժառիթն այն է, որ մեղադրյալը նահանգի Էդինբուրգ քաղաքում տարբեր կանանցից մեծ թվով երեխաներ ունի: «Այդ շահավետ գործարքը համայնքի շահերից էր բխում», - համոզմունք է հայտնել Ուայթը` NvDaily.com-ին տված հարցազրույցի ընթացքում:

Հյուսիսային Վիրջինիան միակ նահանգը չէ, որտեղ տղամարդկանց պատժաչափի փոխարեն վազէկտոմիա է առաջարկվում: 2004թ. Associated Press-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Կենտուկի նահանգի ընտանեկան դատավոր Մայքլ Ֆոելգերը նմանատիպ երկընտրանքի առաջ էր կանգնեցրել մի տղամարդու, ով աններելի շատ երեխաներ ուներ եւ տասնյակ հազարավոր դոլարների պարտք` նրանց խնամքի համար: «Այդ երեխաները կարող են աղքատության մեջ մեծանալ: Չեմ կարծում, թե նա արժանի է եւս մեկ երեխայի հայր լինել: Վազէկտոմիայի առաջարկի հիմքում երեխաների նկատմամբ պատասխանատվության գաղափարն է», - համոզմունք էր հայտնել Ֆոելգերը` Associated Press-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ` հավելելով, որ «վազէկտոմիա թե բանտ» սխեման այն մեղադրյալների նկատմամբ է կիրառվում, որոնք 10 հազար դոլարից ավելի պարտք ունեն` 3 եւ ավելի կանանցից ծնված 4 եւ ավելի երեխաների խնամքի համար:

Նշենք, որ ի տարբերություն ստերիլացման, վազէկտոմիան բարդ եւ անդառնալի գործընթաց չէ:

Վերադառնալով Հյուսիսային Վիրջինիայում գրանցված դատավճռին, նշենք, որ ներկայացված մեղադրանքի պատճառը անցյալ տարի, դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավտովթարն է, երբ Հերալդի վերահսկողությունը կորցրած մեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, ճանապարհային նշանի հարվածել եւ շրջվել, որից անմիջապես անց մեղադրյալը գրկել էր մեքենայի մեջ գտնվող 3-ամյա երեխային եւ ոտքով փախուստի դիմել վթարի վայրից: Փոքրիկին տուն վերադարձնելով, նրան հաջողվել էր մեկ անգամ եւս փախուստի դիմել` տեսնելով, որ հետեւից ոստիկաններ են ժամանում: Թեթեւ վնասվածքներ ստացած տղան մի քանի օրից դուրս  էր գրվել հիվանդանոցից, իսկ մեկ շաբաթ անց էլ Հերալդը Շերիֆի գրասենյակ էր ներկայացել` մեղքն ընդունելու համար:

Բացի վազէկտոմիայից, նրան մեկ տարի եւ ութ ամիս ժամկետով ազատազրկում եւ հինգ տարվա փորձաշրջան է սպասվում: Ընդ որում, բանտից դուրս գալուց հետո նա երեք տարի պետք է ոստիկանների անխախտ ուշադրության կենտրոնում մնա: Վազէկտոմիան եւս ազատազրկման ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում է ենթադրվում: Հակադարձ վիրահատությունը փորձաշրջանի ավարտից հետո կթույլատրվի: