Սովետական միության տարիներին անցկացված մի հետազոտության արդյունքների համաձայն՝ հայերի մոտ 87.5 տոկոսը ողնաշարի եւ հենաշարժական ապարատի հետ կապված խնդիրներ ուներ։ Այսօր, ֆիզիոթերապեւտ, մանուալիստ Գագիկ Կարապետյանի կարծիքով, նմանատիպ խնդիրներ ունեցող մարդկանց թիվը նույնիսկ շատ ավելի մեծ է, քան նախկինում։
Ինչու՞ են Հայաստանում այդքան տարածված կեցվածքի եւ ողնաշարի հետ կապված խնդիրները։ Գագիկ Կարապետյանի կարծիքով, այդ ամենի պատճառն է սխալ ապրելակերպը. Մարդիկ սխալ աթոռներին են նստում, սխալ անկողնում են քնում, սխալ են սնվում, եւ այս ամենը չի կարող չանդրադառնալ նրանց կեցվածքի վրա։
Սովորաբար կեցվածքի եւ ողնաշարի հետ կապված խնդիրները ի հայտ են գալիս բավական վաղ տարիքում, սակայն ծնողները ուշադրություն չեն դարձնում իրենց երեխաների կեցվածքին եւ հենաշարժական ապարատի վիճակին եւ չեն նկատում դրանց հետ կապված խնդիրները։ Իսկ եթե նույնիսկ նկատում են, հաճախ ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում, միայն խփում են երեխայի մեջքին եւ ասում են՝ «Ուղիղ կանգնիր, մեջքդ ուղղիր»։
Իր հերթին բժիշկ-թերապևտ, ռեֆլեքսոթերապեւտ Ռուզաննա Հարությունյանը նշեց, որ հայերի՝ ողնաշարի եւ հենաշարժական ապարատի խնդիրները հաճախ առաջանում են նաեւ սխալ սննդակարգի պատճառով, քանի որ քչերն են ուտում կալցիումով հարուստ սնունդ, որն անհրաժեշտ է առողջ ոսկորներ ունենալու համար; բացի այդ, սնունդն այսօր լի է պարարտանյութերով եւ հորմոններով, որոնք կարող են ազդել մարդու նյութափոխանակության վրա եւ տարատեսակ խնդիրներ առաջացնել։
Ճարպակալումը եւ ֆիզիկական ակտիվության պակասը, Ռուզաննա Հարությունյանի կարծիքով, նույնպես շատ մեծ դեր են խաղում ողնաշարի, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրների առաջացման գործում։
«Մեր նախնիները գյուղից գյուղ ոտքով էին գնում, իսկ մենք այսօր անշարժ ենք։ Անշարժությունը դարձել է ազգի ապրելու ձեւ՝ ավելի շատ նստած ենք, քան քայլում ենք», - ասաց նա։






