Ենթաստամոսքային գեղձի քաղցկեղն առայժմ հնարավոր չէ բուժել` քիմիոթերապիայի եւ այլ ավանդական միջոցների դեմ դիմադրողականության պատճառով: Սակայն Ջոնս Հոպկինս Քիմելի քաղցկեղի կենտրոնի կողմից վերջերս մշակված պատվաստանյութն ի վիճակի է ուռուցքի միջավայրը վերածրագրավորել եւ իմունային համակարգի համար առավել խոցելի դարձնել, ինչը նշանակում է` իմունային հիմքով թերապիան այսուհետ կարող է առավել արդյունավետ գտնվել:

Cancer Immunology Research ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն, կենտրոնի գիտահետազոտական խումբը պատվաստանյութը փորձարկել է ենթաստամոքսային գեղձի ծորանի ադենոկարցինոմայով (ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի` ավելի քան 90 տոկոսի բաժին գրանցող տեսակը) տառապող 39 հիվանդների շրջանում: Այս հիվանդության ախտորոշումը չափազանց բարդ է, քանի որ ախտանշանները թույլ են եւ զարգացման վերջին փուլերում են ի հայտ գալիս, ինչը բուժման արդյունավետությունը առավել թույլ է դարձնում: Տարեկան շուրջ 44 հազար ամերիկացիների մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է հայտնաբերվում, որոնցից 37 հազարը մահանում են: GVAX անունը կրող նոր պատվաստանյութի վերածրագրավորմամբ ենթաստամոքային գեղձը իմունային համակարգի հակաքաղցկեղային բջիջներ է ձեռք բերում եւ առավել խոցելի դառնում քաղցկեղի այլ տեսակների դեմ պայքարի արյդունավետ միջոցների նկատմամբ:

Ըստ հետազոտողների, պատվաստանյութը աշխատում է՝ ստեղծելով երրորդային լիմֆատիկ մարմիններ հիվանդի ուռուցքի ներսում: Այս կառուցվածքային միավորները դրսեւորում են ավշային հանգույցների նման հատկանիշներ եւ կարգավորում են իմունային բջիջների ակտիվացումը և շարժումը: Նման կառուցվածքների առաջացումը նկատվել է 33 հիվանդի մոտ՝ հետազոտված 39 ից: Այս ագրեգատները կարող են իրապես իմունոլոգիական բալանսը շեղել ուռուցքի ներսում ՝ ստեղծելով միջավայր T բջիջները ակտիվացնելու համար: Այս T բջիջները կկարողանան ճանաչել քաղցկեղային սպիտակուցները: Հետազոտողների հաջորդ քայլը լինելու է GVAX եւ PD-1 հակամարմնի համակցման արդյունավետության ստուգումը: