Ներկայումս շուրջ 3 մլն ամերիկացիներ 1-ին տիպի շաքարախտ ունեն: Այն ի հայտ է գալիս, երբ հիվանդի ենթաստամոքսային գեղձում ինսուլին արտադրող բետա բջիջները ոչնչացվում են իմունային համակարգի կողմից: Հիվանդության կրողները պարբերաբար պետք է ինսուլինի ներկարկում ստանան: ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի General Hospital բուժհաստատության եւ Բոստոնի համալսարանի գիտահետազոտական խմբերը համատեղ ջանքերով բիոնիկ ենթաստամոքսային գեղձ են մշակել, որը ինսուլինի պոմպի դեր է կատարում: Սարքը մանրամասն ներկայացվել է  New England Journal of Medicine ամսագրում: Այն մաշկի տակ պատվաստված եւ iPhone-ին տեղեկություններ փոխանցող հատուկ տվիչ է պարունակում, որը հինգ րոպեն մեկ արյան մեջ շաքարի պարունակության վերաբերյալ տվյալներ է հավաքագրում եւ անհրաժեշտության դեպքում պոմպի միջոցով ինսուլինի ներարկման հրահանգ տալիս, տեղեկացնում է IFL Science-ը:

Պատվաստի օգտատերը պարտավոր չէ հաշվել, թե այս կամ այն սնունդը որքան ածխաջուր է պարունակում` պոմպին ներարկման հրահանգ տալու համար: Նրանցից ընդամենը աննշան տեղեկություններ են պահանջվում` սարքի հետագա ինքնուրույն աշխատանքն ապահովելու համար: Սմարթֆոնի էկրանին օրգանիզմում ռեալ ժամանակով առկա ինսուլինի եւ գլյուկոզայի ծավալն է նշվում եւ սպասվող սննդի չափին առնչվող մի շարք տարբերակներ` օգտատիրոջ ընտրության համար` «սովորական», «սովորականից շատ», «սովորականից քիչ», իսկ այնուհետ էլ` սննդակարգի տեսակը` «նախաճաշ», «ճաշ» կամ «ընթրիք»: Ներմուծված տվյալների հիման վրա առաջիկա չորս ժամերի համար անհրաժեշտ ինսուլինի ծավալի 75 տոկոսի չափով ներարկում է իրականացվում: 

Սարքը բավականին փոքր մասշտաբներով է փորձարկվել` 20 չափահասների եւ 32 երեխաների շրջանում, հինգ օր տեւողությամբ: Չափահասներին հյուրանոցներում են տեղավորել եւ սննդի ազատություն «շնորհել», թեեւ զգուշացվել է, որ ալկոհոլ օգտագործելիս հարկավոր է չափավոր գտնվել: Ամառային ճամբարի նմանությամբ վայրում տեղակայված երեխաներին եւս սննդի ազատություն է տրվել: Այդուհանդերձ, համոզվելու համար, որ սարքը ճիշտ է աշխատում, նրանցից պարբերաբար արյուն է վերցվել` արյան մեջ շաքարի պարունակությունը ստուգելու նպատակով:

Հինգերորդ օրվա ավարտին բիոնիկ սարքն օգտագործող մասնակիցները ավանդական վերահսկողական միջոցներ կիրառող կամավորների համեմատությամբ արյան մեջ շաքարի ավելի նախընտրելի բաղադրություն են ունեցել:

Հարկ է նշել, որ սարքը կարող է, ինսուլինի փոխարեն, նաեւ գլյուկոզա ներարկել` արյան մեջ շաքարի քանակության լուրջ տատանումներից խուսափելու համար:

Գիտահետազոտական խմբի անդամները վստահ են, որ սարքը առաջիկա երեք տարիների ընթացքում վերջնականապես պատրաստ կլինի վաճառքի ներկայացման համար: