Ավստրալացի գիտնականները բացահայտել են ծննդաբերության առեղծվածը. մինչ այժմ գիտության համար անհասկանալի էր մնում, թե ծննդաբերության մեկնարկի հիմքում ինչ մեխանիզմ է ընկած:

Մելբուռնի համալսարանի գիտահետազոտական խմբի անդամները հղիության 40-րդ շաբաթը հատող կնոջ օրգանիզմում հատուկ սպիտակուց են հայտնաբերել, որը, նրանց համոզմամբ, ծննդաբերության ձգանն է հանդիսանում: Ասել է թե` այն պահից, երբ այն արտադրվեց օրգանիզմում, կարելի է համարել, որ արգանդը կրճատվելու հրահանգ է ստացել:

Ճիշտ է` գիտնականների համար դեռեւս գաղտնիք է մնում, թե ինչպես է հիշյալ «թայմերն» աշխատում եւ ինչպես կարելի է, բացահայտված մեխանիզմն օգտագործելով, ծննդաբերության մեկնարկի ժամը կանխատեսել: Փոխարենը պարզ է` հղիության ավարտը հիշյալ սպիտակուցով է նշանավորվում: Այս բացահայտման հիման վրա կարելի է նոր դեղամիջոցներ ստեղծել` հավելյալ քաշ կամ ճարպակալում ունեցող կանանց ծննդաբերությունը խթանելու կամ էլ հակառակը` վաղաժամկետ հղիությունը կանխելու համար:

«Տասնյակ տարիներ փորձում էինք պարզել, թե ինչպես է ծննդաբերությանը զարկ տրվում: Եվ ահա առաջին հստակ բացատրությունն ունենք: Պարզվում է` հղիության ավարտը ոչ թե հորմոնալ փոփոխություններով է պայմանավորվում, ինչի մասին ենթադրություններ կային, այլ` «անջատիչի» դերակատարում ունեցող սպիտակուցի առկայությամբ», - նշել է հետազոտական խմբի ղեկավար, պրոֆեսոր Շաուն Բրեննեկեն: