Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Հայաստանում սկսելու է գործել դեղերի զուգահեռ ներմուծման մոդելը, որի շնորհիվ ներմուծվող դեղերի գները մոտ 20-30 տոկոսով իջնելու են: Այս մասին լրագրողներին պատմեց Առողջապահության նախարարի խորհրդական, դեղորայքային քաղաքականության հարցերով դեղագործական գիտությունների թեքնածու Ղուկաս Ուլիխանյանը:

Ի՞նչ է զուգահեռ ներմուծումը: Որո՞նք են դրա հիմնական առավելությունները:

Ղուկաս Ուլիխանյանի խոսքով՝ շատ երկրներում դեղերի գները թելադրում են անդրազգային խոշոր դեղագործական ընկերությունները, որոնք կարող են նույն դեղը ԱՊՀ երկրներին մատակարարել մի գնով, իսկ Եվրոպական երկրներին՝ բոլորովին այլ, երբեմն ավելի ցածր գնով: Ըստ զուգահեռ ներմուծման կանոնակարգի՝ Հայաստան արդեն հնարավոր կլինի դեղեր ներմուծել այլ երկրներից՝ առանց արտադրողի թույլտվության: Այսինքն, եթե Շվեյցարիայում արտադրված դեղը կարելի է, օրինակ, Ֆրանսիայից ավելի էժան գնով ներմուծել, Հայաստանը կկարողանա ներմուծել դեղը հենց Ֆրանսիայից՝ առանց Շվեյցարական արտադրողի թույլտվության անհրաժեշտության:

«Մեր տնտեսվարողներին հնարավորություն ենք տալիս, որպեսզի նրանք Եվրոպական շուկայում փնտրեն եւ գտնեն նույն դեղը ավելի էժան եւ ներմուծեն Հայաստան՝ իհարկե պահպանելով այն բոլոր պայմանները, որոնք մենք իրենց առջեւ դրել ենք: Դա կհանգեցնի դեղերի ոլորտում զուգահեռ դեղերի գների շուրջ քսանից-երեսուն տոկոս իջեցմանը», - ասաց Ղուկաս Ուլիխանյանը:

Նրա խոսքով՝ զուգահեռ ներմուծումը Եվրոպական երկրներում արդեն շուրջ քառասուն տարի գործում է, եւ այն թույլ չի տալիս դեղարտադրողներին իրենց մենաշնորհ դիրքերը չարաշահել:

Հարեւան Վրաստանում, ի դեպ, զուգահեռ ներմուծման սխեման կիրառվում է 2008 թվականից: Ղուկաս Ուլիխանյանի խոսքով՝ երբ այդ կարգը սկսեց այնտեղ գործել, տնտեսվարողների թիվը 50-ից աճեց 250-ի: Բացի այդ, դեղերի գները Վրաստանում բավական ցածր են՝ Հայաստանի համեմատ:

Ղուկաս Ուլիխանյանը հավաստիացրեց նաեւ, որ զուգահեռ ներմուծումը դեղերի որակի վրա ոչ մի կերպ չի անդրադառնա: