«Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջին փոփոխություններով նախատեսված դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները կօգնեն պայքարել կեղծ դեղերի դեմ: Այս մասին լրագրողներին ասաց Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:
Նրա խոսքով՝ կեղծ դեղերի խնդիրն այսօր շատ արդիական է, եւ կեղծ դեղերի շրջանառությունը տարածված է գրեթե ամենուրեք, հատկապես ԱՊՀ երկրներում: Եթե արտասահմանյան երկրներում կեղծ դեղերը մոտ վեց տոկոս են կազմում, ապա Ուկրաինայում՝ քսանհինգ, իսկ Ռուսաստանում՝ մինչեւ քառասուն տոկոս:
Հայաստանում կեղծ դեղերի խնդիրը նույնպես կա, թեկուզ եւ դրանք այստեղ այնքան շատ չեն, ինչքան որոշ այլ երկրներում: Նախորդ տարի, օրինակ, այստեղ չորս կեղծ դեղ էր հայտնաբերվել, ընդ որում, դրանք բավական լուրջ եւ ոչ էժան դեղեր էին, որոնցից մեկը հակաբիոտիկ էր, մյուսը՝ հորմոնալ դեղ: Հայտնաբերվել էին նաեւ Հայաստանում չգրանցված դեղեր: Այս տարի դեռ կեղծ դեղեր չեն հայտնաբերվել, քանի որ դիտարկում չի իրականացվել:
Նոր օրենքը, Հակոբ Թոփչյանի խոսքով, կօգնի հստակեցնել կեղծ դեղերի դեմ պայքարը: Ինչ վերաբերվում է պատժին, կեղծ դեղեր արտադրելն ու ներմուծելը Հայաստանում արդեն քրեականորեն պատժվում է, սակայն Դեղերի փորձագիտական կենտրոնի մասնագետները չգիտեն, թե կոնկրետ ինչպես են պատժվել նախորդ տարվա հայտնաբերված կեղծ դեղերի համար պատասխանատուները:






