Նինե Սիմոնեն իր երգերից մեկում իզուր չէր ասում. «Անկողնու մեջ մի ծխեք»: Առավոտյան առաջին սիգարետի ժամը, անկախ նրանից` օրվա ընթացքում շատ եք ծխում, թե` քիչ, կարող է որոշիչ լինել թոքի քաղցկեղի առաջացման հարցում, հաղորդում է Medical Daily-ն:

Հիշյալ եզրահանգմամբ հետազոտությունը Իտալիայում է անցկացվել` 3249 ներկայիս եւ նախկին ծխողների շրջանում, որոնցից 1812-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Մասնակիցներին ծխելու սովորության եւ պատմության վերաբերյալ հարցեր են տրվել, մասնավորապես, թե առավոտյան արթնանալուց հետո որքան ժամանակ անց են առաջին ծուխը քաշել:

Հարցման արդյունքում պարզվել է, որ առավոտյան առանց սիգարետի ավելի կարճ ժամանակ անցկացնողները թոքի քաղցկեղով հիվանդանալու նշանակալիորեն մեծ ռիսկի են գնում: Հետաքրքրական է այն, որ հիշյալ տենդենցը հատկապես քիչ ծխող մարդկանց մոտ է առկա: 

Սա միակ հետազոտությունը չէ, որի արդյունքում ապացուցվում է առաջին սիգարետի եւ թոքի քաղցկեղի պատճառա-հետեւանքային կապը: Այնպես որ, նույնիսկ օրվա ընթացքում մեկ-երկու գլանակ օգտագործողները պետք է զգույշ լինեն` օրվա մեկնարկին որքան շուտ սկսեք ծուխ ընդունել, այնքան մեծ է քացկեղով հիվանդանալու հավանականությունը: