Այսօր` մայիսի 21-ին, Հայաստանում բուժաշխատողի օրն է նշվում: Բժիշկը ամենահին եւ առավել պահանջված մասնագիտություններից մեկի կրողն է: Նրանց օգնությամբ ենք մենք լույս աշխարհ գալիս եւ բազմաթիվ խնդիրներ լուծում:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը սրտանց շնորհավորում է Հայաստանի բուժաշխատողներին` մասնագիտական օրվա առթիվ: Բոլորիդ, առաջին հերթին, առողջություն ենք մաղթում` որպեսզի դուք էլ կարողանաք ուրիշների առողջությունը վերադարձնել: Ցանկանում ենք նաեւ, որ Հիպոկրատի երդումը մշտապես մտքում պահեք, միշտ հիշեք, որ ոչ թե սովորական աշխատանք եք կատարում, այլ` ծառայություն:
Մենք հաճախ ենք Հայաստանի առողջապահական համակարգը քննադատում եւ, ցավոք սրտի, երբեմն ստիպված ենք լինում ողբերգական դեպքերի, բժշկական սխալների եւ անփութության մասին հաղորդել: Բայց այսօր ցանկանում ենք ծնկի գալ այն մարդկանց առաջ, որոնք, առանց երախտիք ակնկալելու, իրենց աշխատանքն են կատարում:
Առիթից օգտվելով, ցանկանում ենք նաեւ շնորհակալություն հայտնել այն բժիշկներին, որոնք օգնել են մեզ այս ողջ ընթացքում` ընթերցողների համար օգտակար տեղեկություններ տրամադրելով:






