Հուլիսի 4-6-ը Հայաստանում տեղի կունենա Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարը։

Ինչպես ասել է համագումարի նախագահ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը հուլիսի 2-ի մամուլի ասուլիսում, միջոցառման հիմնական նպատակը բժշկության ոլորտում վերջին գիտատեխնիկական նվաճումներին ծանոթանալն  է, Հայաստանում դրանց ներդրման ուղիների քննարկումը, ինչպես նաեւ տարբեր երկրների մասնագետների միջեւ կապերի հաստատումը։ Նրա խոսքով՝ անցած տարիներին, շնորհիվ համագումարի աշխատանքի, հաջողվել է հասնել զգալի արդյունքների բոլոր երեք ուղղություններում։ Նա հատուկ ուշադրություն է հատկացրել այն բանին, որ առողջապահության նախարարությունն ի գիտություն է ընդունում համագումարի արդյունքներով ներկայացված փորձագիտական առաջարկությունները։

Այս տարի  միջոցառման առանձնահատկությունն է դառնալու առցանց ռեժիմով արբանյակային աշխատաժողովների անցկացումը։ Նախօրեին դրանք անցկացվել են մասնավորապես Արցախում եւ Գյումրիում։ Ընդհանուր առմամբ, համագումարի շրջանակում նախատեսված է իրականացնել 26 արբանյակային աշխատաժողով, 13 լիագումար դասախոսություն եւ 27 սեկցիոն նիստ։ Չարչյանը չի բացառել, որ www.5imca.am կայքում առցանց ռեժիմով հեռարձակվող միջոցառումներին կներգրավվի մոտ 1500-2000 բուժաշխատող։

Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարին կմասնակցեն մոտ 300 մասնագետներ Սփյուռքից եւ 350 մասնագետներ Հայաստանից։ Օտարերկրյա ամենամեծ թվով պատվիրակներ կժամանեն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից եւ Ֆրանսիայից։

Համագումարի բոլոր գրանցված մասնակիցներին կտրամադրվեն կրեդիտային միավորներ անընդմեջ բժշկական կրթության համակարգի շրջանակում։ Չարչյանը նշել է, որ նրանց համար, ովքեր չեն հասցրել տարբեր պատճառներով գրանցվել, կապահովվի բոլոր լիագումար եւ սեկցիոն դասախոսությունների բաց հասանելիություն։