Ավստրիան կդառնա ԵՄ առաջին երկիրը, որն արգելք կմտցնի գլիֆոսատի (առեւտրային անվանումը՝ «Ռաունդափ») բոլոր տեսակների օգտագործման վրա։ Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, արդեն պատրաստվել եւ խորհրդարան է ներկայացվել համապատասխան օրինագիծ։
Գլիֆոսատը կիրառվում է մոլախոտերի, հատկապես բազմամյա մոլախոտերի դեմ պայքարի համար։ Ավելի վաղ դրա մասնակի արգելք, որն արտադրվում է Monsanto Company-ի կողմից, մտցվել էր Եվրամիության մի շարք երկրներում։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Փամելա Ռենդի-Վագները նշել է, որ օրինագիծը ներկայացվել է՝ հաշվի առնելով այդ պեստիցիդի քաղցկեղածին ազդեցության գիտական ապացույցների առկայությունը։ Օրինագիծը պաշտպանում է Ավստրիական ազատության կուսակցության նախագահ Նորբերթ Հոֆերը։
Առողջության համար գլիֆոսատի վտանգավորության շուրջ վեճերը վաղուց են ընթանում: 2015 թվականի մարտին Առողջության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը եզրահանգում էր հրապարակել, որում նշված է, որ գլիֆոսատը «մարդու համար հնարավոր քաղցկեղածին» է համարվում։ 2017 թվականի մարտին Քիմիական հակազդակների Եվրոպական գործակալության Քաղցկեղի գնահատման հարցերով կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ գլիֆոսատը աչքերի ծանր վնասվածքներ առաջացնող քիմիական նյութ է:
Մայիսին տեղեկացվել էր, որ ԱՄՆ-ում ամուսնական զույգը Monsanto Company ընկերությունից 2 մլրդ դոլարի փոխհատուցում կստանա. գլիֆոսատի պատճառով նրանց մոտ քաղցկեղ էր առաջացել։ Չնայած դատական որոշմանը եւ առողջության վրա «Ռաունդափի» բացասական ազդեցության վերաբերյալ մոտ 13400 դատական գործընթացներին՝ Monsanto Company-ն բոլոր մեղադրանքներն անհիմն է համարում։






