Այսօր Հայստանում նշվում է Բուժաշխատողի օրը, եւ այդ առիթով NEWS.am Medicine-ը շարք է պատրաստել հայ բժիշկների հետ պատահած հետաքրքիր եւ զավեշտալի պատմությունների մասին։ Ահա ինչ պատմեց գինեկոլոգ Ինա Պերսոյանը.

Անակնկալի եկած կինը

Մի կին ներարգանդային պարույրը հեռացնելու խնդրանքով Ինա Պերսոյանի օգնությանն է դիմում: Գինեկոլոգը հեռացնում է պարույրը, ցույց տալիս կնոջն ու դեն նետում: Այնուհետեւ հաճախորդին ուլտրաձայնային հետազոտության է ուղարկում` համոզվելու համար, որ ամեն ինչ կարգին է: Հետազոտություն իրականացնող մասնագետը կնոջ մոտ ներարգանդային պարույր է տեսնում: Զարմացած տիկինը վերադառնում է Ինա Պերսոյանի մոտ:

Քիչ անց պարզվում է, որ հաճախորդն իրականում երկու պարույր է ունեցել: Առաջինը տեղադրելուց որոշ ժամանակ անց նախորդ բժիշկը որոշել էր, թե այն դուրս է ընել եւ երկրորդն էր տեղադրել:

Ինա Պերսոյանի խոսքով, կնոջ բախտը բերել էր, քանի որ երկու պարույրները կարող էին առողջական խնդիրներ առաջացնել:

***

Դուստրն ու թոռը

Մի անգամ գինեկոլոգի մոտ 52-ամյա կին է գալիս: Որովայնի մեծ չափերից էր բողոքում եւ կասկածում էր, որ միոմա ունի: Երկար ժամանակ վախենում էր բժշկի դիմել` բա որ ախտորոշման արդյունքում կասկածները հաստատվեի՞ն:

Բանից պարզվում է` հաճախորդուհին ընդամենը հղի է եղել: Հետաքրքիր է, որ այդ ընթացքում նաեւ նրա դուստրն էր հղի, այնպես որ գրեթե միաժամանակ եւ դուստր, եւ թոռ ունեցավ: