Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օձի խայթոցից թունավորումների ցուցանիշն աճել է 1.4 անգամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Սա պայմանավորված է հողագործական և շինարարական աշխատանքների ակտիվացմամբ, որն օձերին ստիպում է տեղաշարժվել, լքել նախկին բնակավայրերը և թաքնվել մարդկանց ավելի մոտ «թաքստոցներում»՝ տների նկուղներում, տնամերձ այգիներում, ինչու չէ նաև զբոսայգիներում: Եղանակի տաքացման արդյունքում էլ օձերը դուրս են գալիս թաքստոցից` զով, ստվերոտ տեղ գտնելու, ինչն էլ ավելի հավանական է դարձնում մարդկանց հետ «շփումը»: Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Այս տարի Հայաստանում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 53 դեպք, որից 9-ը Երևանում, 44-ը՝ մարզերում։ Առաջին դեպքն արձանագրվել է մարտի 22-ին մայրաքաղաքում։ Օձի խայթոցից թունավորվածների 81.1%-ը տղամարդիկ են, իսկ դեպքերի 17%-ը արձանագրվել է մանկական ազգաբնակչության շրջանում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցից թունավորման 39 դեպք, որից 10-ը Երևանում, 29-ը՝ մարզերում։ Առաջին դեպքն արձանագրվել է մարտի 5-ին:

Ի դեպ, Հայաստանում հանդիպող թունավոր օձերից են տափաստանային  իժը, դարևսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան։

Օձի խայթոցից հետո աստիճանաբար ի հայտ են գալիս հետևյալ նշանները՝ խայթոցի տեղում ցավ և այրոց, կարմրություն, մաշկի գույնի փոփոխություն, այտուց, որը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով: Տուժածը զգում է սաստիկ թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց, արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից, տեսողության և խոսքի խանգարումներ, վերջույթների մկանների թուլություն կամ զգայունության կորուստ, շնչառության խանգարումներ։ Օձերի խայթոցի դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է տարբեր գործոններից՝ օձի տեսակից, չափից, անձի տարիքից, օձի թույնի քանակից, տարվա եղանակից, ինչպես նաև խայթոցի տեղակայումից։