Բժիշկների օրվա կապակցությամբ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է հայ բժիշկների հետ եւ փորձել է պարզել, թե ինչ զավեշտալի եւ հետաքրքիր դեպքեր են պատահել նրանց աշխատանքի ժամանակ։

Գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյան, առողջական թեմաներով հաղորդավար.

Մի անգամ գործընկերներիցս մեկը, պարապրոկտիտի վիրահատությունից հետո, հիվանդին լուծողական էր նշանակել: Որոշ ժամանակ անց հարցնում է. «Դուրս եկա՞ք»: Պատասխանում է` ոչ:   Գործընկերս ստիպված ավելացնում է լուծողականի դոզան: Հաջորդ օրը հարցնում է. «Էլի՞ դուրս չեկաք»: «Ախր ո՞նց դուրս գամ: Չորս կողմը ձյուն է, անտեր լուծն էլ մյուս կողմից…»

Փողոցում մի ոստիկան է մոտենում. «Դուստրս շատ է սիրում Ձեր հաղորդումը: Կարելի՞ է` նկարվի Ձեզ հետ: Պատասխանում եմ` իհարկե` կարելի է:  Հեռանում է եւ քիչ անց կնոջ հետ վերադառնում, գրկին` երկու ամսական երեխա:

Ռադիոլոգ Անի Հակոբյան.

Մի անգամ ինչ-որ մեկը զանգում է մեր կենտրոն եւ հարցնում. «Դուք գլխի մամոգրաֆիա անո՞ւմ եք» (ի գիտություն. մամոգրաֆիան կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունն է):

Մի տարեց կնոջ որովայնի սոնոգրաֆիա պետք է անեի, ուստի խնդրել էի, որ դատարկ ստամոքսով ներկայանա: Ամեն դեպքում հարցնում եմ.  «Տատիկ ջան, այստեղ գալուց առաջ մի բան կերե՞լ ես»: Սիրալիր տատիկը շրջվում է ու ասում. «Մի անհանգստացիր, աղջիկ ջան: Հյուրասիրության սիրտ չունեմ: Դու հանգիստ քո գործն արա»:

Հիվանդներից մեկը, մոռանալով, որ սոնոգրաֆիայի դատարկ ստամոքսով պետք է ներկայանալ, առավոտյան մանդարին էր կերել: Հասկանալով, որ սխալ է գործել, ուղեկցող քույրին խնդրում է բժշկին ոչինչ չասել այդ մասին: Լյարդի հեպատոզի դեպքում, որով տառապում էր հիվանդը, խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ մանդարին ուտել: Հետազոտության ընթացքում, նախքան ցուցումներին անցնելը, ամեն դեպքում հարցնում եմ. «Մանդարին սիրո՞մ եք»: Աչքերում լուռ սարսափ հայտնվեց…