NEWS.am Medicine-ը շարունակում է ներկայացնել հետաքրքիր եւ զավեշտալի դեպքեր հայ բժիշկների կյանքից։
Մանկաբույժ Նինո Օրբելյան.
Ամուսինները երեխային հետազոտման են բերում: Նշանակումներ եմ անում, որոնց թվում նաեւ` հոգնա: Շնորհակալություն են հայտնում եւ հեռանում: Մի ակնթարթ անց ամուսինը վերադառնում է. «Իսկ հոգնան ո՞ւմ պետք է անել` երեխայի՞ն, թե՞` կնոջս»:
Մայրիկներից մեկը, երեխայի հետ ներկայանալով, ասում է, թե գդալ է բերել, որպեսզի փոքրիկի բերանի խոռոչը հետազոտելիս փայտիկի փոխարեն օգտագործեմ: Եվ որքան մեծ էր զարմանքս, երբ տեսա` պայուսակից սովորական չափերի փայտե գդալ է հանում: Միակ բանը, որ մտքիս եկավ` նկարահանելն էր: Մինչեւ հիմա, որպես հիշատակ, հեռախոսիս մեջ եմ պահում:
Ամուսինները երեխային հետազոտման են բերում: Շփոթված հայրը հարցնում է. «Բժիշկ ջան, աջուձախ չեմ գնում, կնոջս չեմ դավաճանում. այս երեխան որտեղի՞ց կարող էր դիսբակտերիոզ ունենալ»:
Արձագանքելով կանչին` հիվանդ երեխայի մոտ եմ գնում: Տատիկը ողբ է անում. «Երեխան բարձր ջերմություն ունի: «Դոկտոր Մոմ» եմ տվել, բայց չի իջնում»: Հարցնում եմ. «Իսկ որտեղի՞ց որոշեցիք, որ պետք է իջներ: Ձեր տված դեղամիջոցը ոչ թե ջերմության դեմ է, այլ` հազի»: Անվրդով պատասխանում է. «Ոչինչ չգիտեմ: Մեր երեխան միայն այդ դեղից է խմում»:
Վիրավույժ Վիգեն Խաչատուրյան.
Մի անգամ գործընկերներիցս մեկին ոտքի վնասվածք ունեցող հիվանդ է ներկայանում: Բժիշկը առաջին իսկ հայացքից հրաժարվում է հետազոտել վնասվածքը, պահանջելով, որ հիվանդը մաքուր ոտքով ներկայանա: Վերջինս հեռանում է եւ, միայն վնասված վերջույթը լվանալով, կես ժամ անց կրկին բժշկին ներկայանում: Տեսնելու բան էր` մի ոտքը սեւ, մյուսը` սպիտակ մարդ է նստած…
Բժիշկ լաբորանտ Գոհար Բաբայան
Զիմնիցկիի հետազոտությունը մեկ օրվա ընթացքում երեք ժամը մեկ 8 տարաների մեջ հավաքված մեզի քանակությամբ է որոշվում: Ներկայանում է մեկը եւ ասում, որ իրեն Զիմնիցկիի հետազոտություն է նշանակվել: Ութ տարա եմ տալիս եւ ասում. «Լցրեք եւ անալիզի բերեք»: Կես ժամ անց քրտնքի մեջ կորած գալիս է, տարաներում`… սերմնահեղուկ: Եվ ընդամենը կես ժամվա ընթացքում…
Հիվանդներից մեկին սպերմագրամայի են ուղարկում: Փոխանցում եմ ապակին, բացատրում` ինչպես անել: Կես ժամ անց տխուր ետ է դառնում. «Բժիշկ, ոչինչ չստացվեց, միգուցե Դո՞ւք անեիք»:






