ՀՀ կառավորության որոշմամբ 2001 թվականից հունիսի երրորդ կիրակին տոնվում էր որպես Բուժաշխատողի օր, որպես մասնագիտական հաջողություններն ու ձեռքբերումներն արձանագրելու, բուժաշխատողներին երախտիքի խոսք ասելու գեղեցիկ հնարավորություն: 2012 թվականից Հայաստանում բուժաշխատողի օրը նշվում է հունիսի 21-ին:
Կայանալիք տոնին ընդառաջ ՀՀ առողջապահության նախարարությունը նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ սկսել է նոր` «Կոչումով բժիշկ» նախագիծը: Այն միտված է բարձրացնելու, վերարժեւորելու բժիշկի կարեւոր դերն ու հեղինակությունը հասարակության մեջ: Նախագծի միջոցով ընթերցողի դատին կներկայացվի Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների` մարդկանց ապաքինելուն, կյանքեր փրկելուն ուղղված ամենօրյա բարդ աշխատանքը:
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Օպերայի ազգային թատրոնում հրաշալի համերգ էր կազմակերպվել՝ նվիրված այդ բարդ ոլորտում ծառայող մարդկանց։ Ցուցադրվեցին առողջապահության տարբեր ոլորտների մասին պատմող կարճ ֆիմեր։ Մասնավորապես՝ ռազմական բժշկության, սփյուռքի բժիշկների, մեկենասների, որոնք մեծ դեր են խաղացել հայկական բժշկության զարգացման մեջ, բժշկական դինաստիաների, որոնցից ամենահինը բժիշկների չորս սերունդ տված Ֆանարջյաններն են։ Ֆիլմերում ուրվագծվում էր հայկական բժշկության զարգացման պատմական ուղին, ցուցադրվեցին նաեւ միջազգային ստանդարտներին համապատասխանող տեղական բժշկական կենտրոնները։ Համերգին ներկա էին պաշտպանության եւ մշակույթի նախարարները։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անունից շնորհավորական խոսք ընթերցվեց։
Երեկոյին ելույթ ունեցավ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ցանկանալով բժիշկներին առողջություն, պաշտպանության զգացողություն եւ նշեց նրանց, որոնք այդ տոնական օրը իրենց աշխատանքի վայրում էին։
Համերգին մասնակցեցին հայտնի հայ էստրադային երգիչներ, բալետի դերասաններ, պարային խմբեր։






