Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ առողջապահության նախարարությունում մասնակցեց Հայաստանում սիրիահայ բժիշկների պարգեւատրման հանդիսությանը:
Բուժաշխատողի օրվա առթիվ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի եւ սահմանային վիճակում գտնվող հիվանդի կյանքը փրկելու համար Թալինի բժշկական կենտրոնի բժիշկ-սրտաբան Պողոս Աղոյանը, առողջապահության համակարգում նվիրված աշխատանքի համար՝ Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկ Գրիգոր Ալոզյանը, Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկ Վարանդ Կիրակոսյանը, Ստեփանավանի բժշկական կենտրոնի բժիշկ Ավետիս Մալաքյանը, «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ Ճորճ Բարսեղյանը, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի բժիշկ Բյուզանդ Քահկեջյանը պարգեւատրվեցին ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով:
Շնորհավորելով բժիշկներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց սիրիահայ բժիշկների մասնագիտական գործունեությունը՝ նվիրումի, գթասրտության եւ պատասխանատվության բացառիկ դրսեւորումների, Հայրենիքի հանդեպ ջերմ սիրո համար: Տիկին Հակոբյանն առանձնահատուկ շեշտեց այն հանգամանքը, որ պարգեւատրվող սիրիահայ բժիշկները, հիմնականում Հալեպից եւ Դամասկոսից, հաստատվել են Հայաստանի մարզերում ու իրենց մասնագիտական գիտելիքներով, պատրաստվածությամբ ու անսահման ուշադրությամբ առողջություն են պարգեւում մարզերի բնակիչներին:
Նախարար Հ. Հակոբյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ սիրիական պատերազմի հետեւանքով Հայրենիքում վերահաստատված մեր հայրենակիցների խնդիրները ՀՀ սփյուռքի նախարարության ամենօրյա հոգածության ներքո են:
Իր հերթին, շնորհավորելով բուժաշխատողներին՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ առողջապահության նախարարությունը եւս հնարավորինս աջակցում է սիրիահայ բուժաշխատողներին՝ Հայաստանում մասնագիտական կարողությունները դրսեւորելու համար: Պարոն Մուրադյանը տեղեկացրեց նաեւ, որ պարգեւատրվող սիրիահայ բժիշկներից մեկն այս պահին ՀՀ առողջապահության նախարարության միջոցներով մասնակցում է արտերկրում անցկացվող վերապատրաստման դասընթացներին:
ՀՀ սփյուռքի եւ ՀՀ առողջապահության նախարարները հավաստիացրին, որ պետական աջակցությամբ եւ համատեղ ջանքերով կփորձեն կարգավորել սիրիահայերի, մասնավորապես բուժաշխատողների դեռեւս գոյություն ունեցող տարատեսակ խնդիրները:






