Աֆրիկայի մի քանի արեւմտյան երկրներում բռնկված Էբոլա հեմոռագիկ տենդը դուրս է եկել վերահսկողությունից եւ ողջ տարածաշրջանին է սպառնում, զգուշացնում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը:
«Համաճարակի մասշտաբն աշխարհագրական տարածման, վարակվածների թվի ու մահացության մակարդակի առումով աննախադեպ է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, ասվում է կազմակերպության կողմից տարածված հայտարարության տեքստում:
Միջազգային կազմակերպության մասնագետները մահացու տենդով վարակման ավելի քան 60 տեղանք են հայտնաբերել եւ զգուշացնում են, որ ամենուրեք բժշկական ներկայություն ապահովելու հնարավորություն այլեւս չունեն: Նրանց խոսքով, «Էբոլան այլեւս Գվիենայով չի սահմանափակվում. ողջ Արեւմտյան Աֆրիկան սպառնալիքի տակ է»:
Տենդն առաջին անգամ ընթացիկ տարվա հունվար ամսին էր բռնկվել` Գվինեայում եւ կարճ ժամանակ անց հարեւան Սիերա-Լեոնե եւ Լիբերիա տարածվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարկված վերջին տվյալների համաձայն, այժմյան Էբոլան Աֆրիկայի ողջ պատմության ընթացքում ամենամահաբեր ու երկարատեւ համաճարակն է դարձել: Երեք երկրներում առնվազն 337 մարդ է մահացել, իսկ հաստատված եւ կասկածվող վարակների թիվը 528-ի է հասնում:
Տենդի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: Էբոլայի մահացության մակարդակը 90 տոկոս է կազմում:






