Մաշկաբանների երեք քառորդը կարծում է, որ անհրաժեշտ է լիովին արգելել սոլյարիները։ Այս մասին վկայում է հարցումը, որն իրականացրել է հիմնադրամը British Skin Foundation բիտանացի բժիշկների շրջանում։
Հարցման ենթարկված մաշկաբանների 90 տոկոսն ասել է, որ սոլյարիները հանգեցնում են մաշկի քաղցկեղի՝ վտանգավոր հիվանդության առաջացման, որը մահացության բարձր տոկոս ունի։ Ավելին, քաղցկեղի այդ տեսակից բավական հեշտ է խուսափել, ընդամենը պետք է չենթարկվել ուլտրամանուշակագույնի ազդեցությանը, որը համարվում է դրա զարգացման ռիսկի լուրջ գործոն։
245 մաշկաբանների հարցումը ցույց է տվել, որ նրանցից 191-ը անհրաժեշտ է համարում բարձրացնել սոլյարի այցելողների նվազագույն տարիքը 18-ից 21-ի։ Իսկ չորս մասնագետից երեքը համոզված է, որ սոլյարիները պետք է արգելել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, չարորակ մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի ամենամահացու տարատեսակի դեպքերի քանակը վերջին 10 տարիներին հասել է պատմական ռեկորդի, հատկապես երիտասարդների շրջանում։
Մեծ Բրիտանիայում ամեն օր չարորակ մելանոմայից մահանում է 7 մարդ, եւ նրանցից շատերն ակտիվորեն օգտվել են սոլյարիներից։ Ակտիվիստներն օրինակ են բերում Ավստրալիան եւ Բրազիլիան, չէ՞ որ այդ երկրների իշխանությունները լիովին արգելել են սոլյարիները բնակչության համար։






