Բժշկական գիտությունների դոկտոր, մայրաքաղաքի աչքի կլինիկաներից մեկի տնօրեն Մանուկ Մանուկյանն արդեն 20 տարի անարդյունք փորձում է միջոցներ գտնել իր կողմից մշակված նորարարական դեղամիջոցի՝ աչքի կաթիլների կլինիկական փորձերի համար:
Հուլիսի 24-ին մամուլի ասուլիսում Մանուկ Մանուկյանը հայտնեց, որ էթանոլամինի հիմքով դեղը նախատեսված է աչքի թթվային եւ հիմնային այրվածքների բուժման համար: Համապատասխան ուսումնասիրություններն անցկացվել են դեռ խորհրդային տարիներին եւ տեւել 10 տարի:
Նրա խոսքով՝ հաջող փորձեր են իրականացվել շինշիլա ճագարների վրա, որոնք ապացուցել են դեղերի արդյունավետությունը: Խորհրդային Միության փլուզումից հետո Մանուկյանին այդպես էլ չի հաջողվել միջոցներ գտնել կլինիկական փորձարկումների համար:
Ինչպես նշվեց, հետազոտությունների կլինիկական փուլի համար հարկավոր է մոտ 25-30 հազար դոլար: Մանուկյանը վստահեցնում է, որ բոլոր ծախսերը արագ կփոխհատուցվեն, հատկապես հաշվի առնելով հումքի համար նվազագույն ծախսերը, դեղի մեկ լիտրի համար 10 դոլար ծախսերի դեպքում դոզավորված սրվակների վաճառքից շահույթը կկազմի 2 հազար դոլար:
Մանուկյանն ընդգծեց, որ դեղը կարող է կիրառվել նաեւ ռազմական ժամակաշրջանում, երբ աչքերի թթվային եւ հիմնային այրվածքների հավանականությունը ավելանում է:






