Մայրաքաղաքի բուժհաստատությունների գործունեությանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Մեկ անգամ եւս շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարի այս օրը ոլորտի ձեռքբերումները կրկնակի կգերազանցեն ներկայիս ցուցանիշները:Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին ու առաջիկա ծրագրերին` Երեւանի քաղաքապետը նկատել է, որ բուժհաստատությունների առաջնային խնդիրը բնակիչներին պատշաճ եւ բարեհամբույր սպասարկելն է. «Մենք նախարարի հետ արդեն քննարկել ենք ոլորտում առկա խնդիրները եւ մեր մոտեցումներն ինչպես այդ խնդիրների լուծման, այնպես էլ ոլորտի ընդհանուր զարգացման հետ կապված: Ըստ էության, մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է ու անփոփոխ. Մեր կողմից ձեզ առաջադրվող հիմնական պահանջը եղել ու մնում է բնակիչներին որակյալ բուժծառայությունների մատուցումը, այդ թվում նաեւ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց նկատմամբ ցուցաբերվող պատշաճ վերաբերմունքին: Ավելին, պետք է հաշվի առնել, որ պոլիկլինիկաները բնակիչների համար առողջապահության ոլորտի հետ շփման առաջին օղակն են եւ այնտեղ այցելող մեր քաղաքացիների զգալի մասը սոցիալապես անապահով են, ուստի մեզ համար առաջնահերթն ու կարեւորը նրանց լրացուցիչ հոգսից ազատելը պետք է լինի, ոչ թե նոր հոգսեր ստեղծելը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությանն ու համայնքային ծրագրերով իրականացվող աշխատանքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ ընդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիներին Երեւանի քաղաքապետարանը խիստ նպատակային ծրագրեր է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների վերանորոգման եւ բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ. «2013-ին համայնքային բյուջեով մենք բազմաթիվ նոր բուժսարքավորումներ կարողացանք ձեռք բերել եւ տրամադրել բուժհաստատություններին: Այս տարի այդ նպատակի համար նախատեսել ենք արդեն գրեթե կրկնապատիկ միջոցներ հատկացնել, ինչն իր հերթին զգալիորեն կնպաստի բուժօգնության առաջնային օղակում արդիական սարքավորումներով սպասարկում իրականացնելուն: Բացի այդ, համաբուժարաններում այսօր նաեւ վերանորոգման եւ ջեռուցման ծրագրեր են իրականացվում, որոնք եւս ուղղված են մեր համաքաղաքացիներին որակյալ բուժծառայությունների տրամադրմանը: Վերջին տարիներին մենք նաեւ սոցիալական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, որոնց շրջանակում անվճար բուժօգնություն ստանալու հնարավորություն ենք ընձեռում հատկապես սոցիալապես անապահով մեր քաղաքացիների համար: Եվ այս ծրագրերը լինելու են շարունակական»,- նշել է քաղաքապետը:
Երեւանի քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցության շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ իր հերթին, կարեւորելով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծել է, որ բուժհաստատությունները պետք է գործեն մեկ միասնական օրինակելի սկզբունքով, ինչն առավել արդյունավետ ու նպատակային կդարձնի դրանց աշխատանքը. «Սահմանված հստակ աշխատակարգով, նոր մոտեցումներով, պահանջներով ու պետական աջակցությամբ մենք, վստահ եմ, կգրանցենք զգալի արդյունքներ: Մեր առաջնային նպատակը պետք է լինի ոչ միայն հիվանդաբուժությունը, այլեւ մեր բնակիչների առողջության պահպանումն ու հիվանդությունների վաղ հայտնաբերումը: Ըստ այդմ, շեշտը պետք է դրվի առաջնային բուժօղակի կատարելագործման ու հզորացման վրա: Եվ, ինչպես արդարացիորեն նկատեց պարոն Մարգարյանը, շատ կարեւոր է բնակչի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, ինչը եւս պետք է լինի օրինակելի»,- նշել է նախարարը:
Մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարներն իրենց հերթին, շնորհակալություն հայտնելով ոլորտին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, հանդիպման շրջանակում իրենց մոտեցումներն ու առաջարկներն են ներկայացրել ոլորտի բարեփոխումների հետ կապված, նաեւ Երեւանի քաղաքապետից եւ ՀՀ առողջապահության նախարարից ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները:
Մեկ անգամ եւս առանձնակի կարեւորելով քաղաքացիներին պատշաճ բուժծառայությունների մատուցման ապահովումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ առաջադրված պահանջների իրականացման հարցում Երեւանի քաղաքապետարանի հսկողությունը լինելու է մշտական. «Ոլորտում, անշուշտ, ունենք դրական տեղաշարժ, սակայն դա դեռեւս բավարար համարել չենք կարող, ուստի պետք է ձգտենք անել ավելին: Եվ, ինչպես արդեն ասացի, հատկապես մեր բնակիչների սպասարկման հարցում ձեզանից ակնկալում ենք պատշաճ բուժծառայությունների մատուցում, ինչպես նաեւ բարյացակամ վերաբերմունք նրանց հանդեպ: Այս ուղղությամբ վերահսկողությունը լինելու է խիստ, եւ քաղաքացիների կողմից հնչեցվող յուրաքանչյուր ահազանգ լիարժեք կուսումնասիրվի եւ կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:






