Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության ոլորտում ներդրած ավանդի եւ բարեխիղճ աշխատանքի համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի պատվոգրերով եւ շնորհակալագրերով: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Իր հերթին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մանկական վիրաբուժության ծառայության բնականոն եւ անխափան աշխատանքներում ներդրած բացառիկ ավանդի համար պարգեւատրվել է «Երեւան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի բոլոր աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել բարեխիղճ եւ անմնացորդ նվիրումով աշխատանքին համար։
Բուժաշխատողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ գնահատանքի համար եւ հավաստել, որ այսուհետ եւս իրենց ողջ եռանդն ու գիտելիքները ներդնելու են Երեւանի առողջապահական ոլորտի զարգացման գործին։







