Ժամանակակից երեխաները միջինում 7 տարեկանից ծանոթանում են պոռնոնյութերի հետ:

Այս մասին հուլիսի 29-ին մամուլի ասուլիսում ասաց հոգեբույժ, հոգեթերապեւտ, ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ Արամ Հովսեփյանը: 

Փորձագետը նշեց, որ չնայած նման ցուցանիշներին, Հայաստանում երիտասարդների սեռական դաստիարակության մակարդակը, մեղմ ասած, ցավալի է:

«Անգամ Բժշկական համալսարանի ուսանողմերի թվում կան այնպիսիք, ովքեր չգիտեն, թե ինչպես են երեխաները ստեղծվում», - ասաց նա:

Հովսեփյանի խոսքով՝ դպրոցներում այդ հարցին ոչ բավարար ուշադրություն է դարձվում, ինչը դեռահասներին ստիպում է իրենց հետաքրքրող տեղեկատվությունը այլ աղբյուրներից ստանալ:

Բացի այդ ծնողներն անգամ գիտակցելով սեռական հասունացման թեմայի քննարկման կարեւորությունը երեխաների հետ խոսակցության ժամանակ ամաչում են բարձրացնել տվյալ հարցերը:

Մինչդեռ, ինչպես ընդգծեց Հովսեփյանը, հարկավոր է որքան հնարաոր է շուտ խոսել երեխայի հետ սեռական դաստիարակության թեմաներով: Այդ ժամանակ երեխան տեղեկատվությունը հավասար կերպ կյուրացնի ինչպես մյուս տեղեկությունները՝ առանց կենտրոնանալու դրա վրա:

Այսպիսով, եթե տեսականորեն դեռահասը կարող է սեռական կյանքը սկսել 13-14 տարեկանում, ապա դրանից գոնե 2 տարի առաջ նա պետք է ստանա ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը:

Փորձագետը նշեց, որ այս մոտեցումը ընդունելի է գիտաբժշկական տեսանկյունից, քանի որ կօգնի դեռահասին խուսափել բռնաբարությունից կամ չծրագրված հղիությունից:

Պետք է արդյոք ծնողները մտահոգվեն այն առիթով, որ միջինում 7 տարեկանում երեխան պոռնոնյութերին հասանելիություն է ստանում: Հովսեփյանի կարծիքով՝  անգամ համակարգչի օգտագործման արգելքը չի կարող կարգավորել վիճակը, քանի որ երեխաները կարող են իրենց հետաքրքրող տեղեկատվությանը հասանելիություն ստանալ իրենց ընկերների սարքերից:

Մինչ այդ նման փոքր տարիքում երեխան չի կենտրոնանում անպարկեշտ բնույթի տեղեկատվության վրա, քանի որ սեռական հասունացման չի հասել: