Էլեկտրոնային ծխախոտը եւ թութունի տաքացման համակարգերը քաղցկեղը չեն կանխում, պնդում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները: Նրանք կոչ են անում չհավատալ այդպիսի արտադրանքի անվտանգության մասին արտադրողների հայտարարություններին:
ԱՀԿ գլոբալ ծխախոտային համաճարակի մասին 7-րդ զեկույցում նշվում է, որ ծխախոտային հսկաները փորձում են ներկայանալ որպես առողջապահության պատասխանատու գործընկեր՝ առաջարկելով սովորական ծխախոտային արտադրանքի առավել «անվտանգ» այլընտրանքներ, բայց իրականում առայժմ քիչ բան է հայտնի «անծուխ» արտադրանքի կարճաժամկետ եւ երկարաժամկետ վտանգների մասին, իսկ արտադրողների կողմից դրանց առաջմղումը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հասնել ծխախոտի սոցիալական ընդունման պահպանմանը։
Զեկույցում նաեւ նշվում է, որ ծխախոտային ինդուստրիան հույս ուներ իր հեղինակությունը բարձրացնել մանիպուլյատիվ հայտարարություններով, որ իրենց արտադրանքը «վնասի նվազեցման» ռազմավարության մաս է: Սակայն սովորական ծխախոտը դեռեւս կազմում է ծխախոտային շուկայի 97 տոկոսը:
«Ծխախոտի եւ թութունի տաքացման համակարգերի միջեւ տարբերություն չկա՝ բացի դրանց ազդեցության պայմաններից. այն ավելի քիչ է, եւ ծուխն անտեսանելի է»,- ասել է ԱՀԿ ծխախոտի վերահսկման բաժնի ծրագրային մենեջեր Վինայակ Փրասադը:
Նրա խոսքով՝ էլեկտրոնային ծխախոտը, որ պարունակում է նիկոտին, բայց ոչ թութուն, առաջարկվել է որպես ծխելուց հրաժարվելու միջոց: Բայց ապացույցներ չկան, որ դրանք իսկապես նպաստում են ծխելուց հրաժարվելուն: Ավելին, ԱՄՆ տվյալներով՝ ամեն ինչ հակառակն է. էլեկտրոնային ծխախոտը մեծացնում է ծխող երիտասարդների թիվը:
Փրասադի կարծիքով՝ էլեկտրոնային ծխախոտը չի կարող շուկա մտնել առանց սահմանափակումների. այս արտադրանքը կարգավորում է պահանջում, եւ դրա համար գործակալությունն ուղեցույց ունի:






