32-ամյա Քրիստալ Էմիլի Էնը անգլիական Քենթ կոմսության Դարթֆորդ քաղաքից մահից հետո դոնոր դարձավ. նրա օրգաններն օգնեցին փրկել չորս այլ պացիենտի կյանք։

Ինչպես տեղեկացնում է Kent Online լրատվական կայքը, Քրիստալը տառապում էր դիաբետից, եւ նրան անհրաժեշտ էր երիկամի եւ ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում, բայց նա այդպես էլ չհասավ դրան։ Հուլիսի 12-ին նրա առողջությունը կտրուկ վատացավ, եւ երկու օր անց նա մահացավ։

Նրա լյարդը մահվանից հետո փոխպատվաստեցին երկու երեխաների, իսկ սիրտը եւ թոքերը՝ երկու տղամարդկանց։ Նրանք բոլորն էլ օրգանների պատվաստման կարիք ունեին, առանց որոնց նրանք անպայման կմահանային։

Բուժաշխատողները, Էմիլի Էնի ընկերներն ու հարազատներն ասել են, որ նա «մարդամոտ եւ բարեկամասեր» էր։ Նրան բուժող բժիշկն ավելացրել է, որ «նա հիանալի մայր էր երկու զավակների՝ Թայլերի եւ Լեյթոնի համար»։