Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը 2018 թվականին վարույթ է հարուցել 208 գործով: Վարույթում եղած գործերի թիվը, սակայն, մի քանի անգամ աճել է 2019 թվականի սկզբից եւ հուլիսի 1-ին կազմել է արդեն մոտ 1100: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:
Տեսչական մարմինն աշխատում է 4 հիմնական ուղղություններով, սակայն վարույթում եղած գործերի մեծ մասը, ինչպես ընդգծեց Խուրշուդյանը, վերբերում են դեղերի շուկային (կեղծված դեղեր, կեղծված փաթեթավորում, ներմուծման կարգի խախտում եւ շատ այլ խախտումներ): Այս ոլորտին է վերաբերել նաեւ տուգանքների մեծ մասը, որոնց ընդհանուր գումարն անցնում է 300 մլն դրամից:
Խոսելով դեղերի շուկայի իրավիճակի մասին՝ Խուրշուդյանը նշեց, որ այսօրվա դրությամբ շատ խնդիրներ կան կապված ներմուծման կարգի հետ: Նրա խոսքով՝ տեսչական մարմինը հանդես է եկել այս ոլորտում իրավիճակի բարելավման առաջարկների փաթեթով, բայց, ցավոք, առաջարկների միայն ոչ մեծ քանակությունն է ուշադրության արժանացել:
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը նաեւ ստուգել է 300-ից ավելի լցակայանների սանիտարա-հիգիենիկ պայմանները եւ մի շարք խախտումներ հայտնաբերել, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը, Խուրշուդյանի խոսքով, նորմալ է:
Մի շարք խնդիրներ են հայտնաբերվել նաեւ ջրի ուսումնասիրությունների ժամանակ, հատկապես երկրի մարզերում: Բայց կատարված աշխատանքների արդյունքում հաջողվել է խնդիրները վերացնել:
Խնդիրներ են հայտնաբերվել նաեւ երկրի դեղատներում. պարզվել է, որ 150 դեղատներում աշխատել են ոչ թե դեղագործներ, այլ ուսանողներ կամ համապատասխան որակավորում չունեցող մարդիկ: Ավելի քան 80 դեղատներում աշխատակիցները աշխատանքային պայմանագրեր չունեին: Խուրշուդյանի խոսքով՝ ստուգումներից հետո դեղատների ղեկավարությունը ստիպված էր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրեր ստորագրել, ինչի հետեւանքով ե՛ւ աշխատակիցներն են ավելի պաշտպանված դարձել, ե՛ւ հարկային եկամուտներն են աճել:
Խնդիրներ եւ խախատումներ են հայտնաբերվել նաեւ բժիշկների որակավորման, շարունակական բժշկական կրթության ներդրման, ինչպես նաեւ իմունոկանխարգելման ոլորտներում:






