Օհայոյում տեղի է ունեցել ցնցող դեպք. 54-ամյա Մարի Թրեները 4 վերջույթներից զրկվել է այն պատճառով, որ նրան լիզել է սեփական շունը: KTLA-ն փոխանցում է, որ ձեռքի վրայի կտրվածքի միջոցով օրգանիզմ է թափանցել Capnocytophaga canimorsus վտանգավոր բակտերիան, որը հանդիպում է կատուների եւ շների թքի մեջ:
Մեկ օրվա ընթացքում կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, եւ նա հայտնվել է 10-օրյա կոմայի մեջ: Նա ընդհանուր առմամբ հիվանդանոցում է անցկացրել 80 օր եւ ենթարկվել 8 վիրահատության: Վարակի տարածման պատճառով Վիրաբույժները ստիպված էին անդամահատել Մարիի վերջույթները:
Սովորաբար այս ինֆեկցիայի բուժման համար անհրաժեշտ է նվազագույնը 3 շաբաթ անցնել հակաբիոտիկային կուրս: Սակայն երբեմն Capnocytophaga canimorsus-ն այնքան սրընթաց է տարածվում, որ հիվանդի մոտ զարգանում են փտախտ, սրտի հետ կապված խնդիրներ եւ երիկամային անբավարարություն:
Ամուսինը Մարիին աջակցում է ամեն ինչում, սակայն կինը չի թաքցնում, որ ապագայի հանդեպ վախ ունի: Չնայած նրա ձեռնասունները դարձել էին այսպիսի ծանր խեղման պատճառը, Մարին նշում է, որ նրանցից չի հրաժարվի, քանի որ շարունակում է նրանց ջերմորեն վերաբերվել:






