Ի՞նչ արժեն ամենատարածված եւ ամենահաճախ արվող պլաստիկ վիրահատությունները Հայաստանում: Ո՞ր վիրահատություններն են այստեղ ամենամեծ ժողովրդականությունը վայելում: Այս մասին լրագրողներին պատմեց Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ պլաստիկ վիրահատությունների գները Հայաստանում տարբեր են՝ կախված կլինիկայից, վիրաբույժից, օգտագործվող նյութերից եւ այլն: Քթի վիրահատությունը, օրինակ, Արմեն Հովհաննիսյանի խոսքով, արժե մոտ 350 000 - 650 000 դրամ: Կրծքագեղձի մեծացման գները նույնպես շատ տարբեր են եւ հիմնականում կապված են իմպլանտի գնի եւ որակի հետ: Միջին իմպլանտը, բժիշկի խոսքով, արժե մոտ 1000 եվրո: Դրան, բնականաբար, պետք է գումարվեն նաեւ վիրահատության ծախսերը, հետվիրահատական շրջանի ծախսերը, հատուկ ներքնազգեստը, որը պետք է լինելու կրել...

Արմեն Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ պլաստիկ վիրահատությունների պահանջարկը Հայաստանում տարեցտարի աճում է, ինչը, նրա կարծիքով, պայմանավորված է մարդկանց՝ գեղեցիկ եւ երիտասարդ լինելու ձգտումով: Հայաստանում կատարվող պլաստիկ վիրահատությունների թվի մասին հստակ տեղեկություններ չկան, սակայն, Արմեն Հովհաննիսյանի կարծիքով, տարեկան այստեղ կատարվում է մոտ 10 000 պլաստիկ վիրահատություն:

Երիտասարդ տարիքի հայերը՝ թե կանայք, թե տղամարդիկ, ամենից շատ դիմում են քթի պլաստիկ վիրահատություններ կատարելու համար, իսկ ավելի մեծ տարիքի մարդիկ դիմում են տարիքի պատճառով առաջացած խնդիրները լուծելու համար. նրանք ցանկանում են վերացնել, օրինակ, ծննդաբերությունից հետո առաջացած որովայնի առաջնային պատի դեֆորմացիաները, կամ ձգել կրծքագեղձերը: Հայաստանում նաեւ բավական տարածված են լիպոսակցիաները, կոպերի եւ ականջախեցիների պլաստիկ վիրահատությունները եւ տարատեսակ կոնտուրային շտկումները:

Արմեն Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ Հայաստանում այսօր վիրահատվում են ոչ միայն հայերը, այլեւ այլազգի ներկայացուցիչներ. նրանց թիվը բավական մեծ է, ընդ որում, դրանք ոչ միայն արտասահմանում բնակվող մեր հայրենակիցներն են, այլեւ հենց այդ երկրների քաղաքացիները: Բժիշկի կարծիքով, օտարերկացիները գալիս են հենց Հայաստանում վիրահատվելու, քանի որ գնի եւ որակի համադրությունը այստեղ բավական օպտիմալ է: