Ինչպես եւ ցանկացած բժշկական միջամտություն, պլաստիկ վիրահատությունն ունի ցուցումներ եւ հակացուցումներ: Սովորաբար պլաստիկ վիրահատության համար ցուցում է համարվում պացիենտի ցանկությունը, իսկ հակացուցումների մասին լրագրողներին պատմեց Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը:

Այսպիսով, որո՞նք են պլաստիկ վիրահատության հիմնական հակացուցումները: Արմեն Հովհաննիսյանը նշեց դրանցից մի քանիսը.

  • Արյան հիվանդություններ, մասնավորապես, արյան մակարդելության հետ կապված խնդիրներ (որոնք բարդացնում են ցանկացած վիրահատություն); 
  • Սիստեմային հիվանդություններ՝ օրինակ, շարակցական հյուսվածքի հիվանդություններ, որոնք բնորոշ են ողջ օրգանիզմին;
  • Բորբոքային հիվանդություններ;
  • Սիրտ-անոթային ծանր, չկոմպենսացված հիվանդություններ;Շաքարային դիաբետ;
  • Իմունային համակարգի հիվանդություններ:

Իհարկե, կան նաեւ այլ հակացուցումներ, այդ պատճառով, վիրահատության գնալուց առաջ պետք է խորհրդակցել բժիշկի հետ եւ պատմել նրան առկա բոլոր հիվանդությունների եւ խնդիրների մասին: Իհարկե, վիրահատությունից առաջ «ոտից գլուխ» լավ հետազոտվելը վատ չէր լինի, բայց դա գրեթե անհնար է, քանի որ հետազոտություններն ու անալիզները բավական թանկ են: Այդ պատճառով, պլաստիկ վիրաբույժները ակնկալում են, որ պացիենտները գոնե շատ ազնիվ կլինեն եւ իրենց հայտնի ոչ մի հիվանդություն չեն թաքցնի:

Իսկ ի՞նչ կարող է լինել, եթե գնալ պլաստիկ վիրահատության՝ անտեսելով առողջական խնդիրները: Ինչպես նշեց Արմեն Հովհաննիսյանը, այդպիսի անպատասխանատու մոտեցումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, որոնք ոչ միայն կազդեն վիրահատության արդյունքի վրա, այլեւ կարող են սպառնալ հիվանդի կյանքին: Ճիշտ է, Արմեն Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանում վերջին 10-15 տարվա ընթացքում մահվան դեպքեր ոնց որ թե չեն եղել, բայց բարդություններ եղել են՝ օրինակ, շնչառության կանգ կամ այլ խնդիրներ:

Ի դեպ, ինչպես ցանկացած այլ վիրահատության դեպքում, բարդություններ պլաստիկ վիրահատության ժամանակ կամ վիրահատություից հետո կարող են առաջանալ ոչ միայն այն դեպքում, երբ պացիենտը վիրահատվում է՝ անտեսելով հակացուցումները, այլեւ հակացուցումներ չլինելու դեպքում:Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ պլաստիկ վիրահատության ժամանակ եւ վիրահատությունից հետո:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ խնդիրները կարող են լինել սպեցիֆիկ կամ ոչ սպեցիֆիկ.

  • Ոչ սպեցիֆիկները կարող են առաջանալ ցանկացած վիրահատության ժամանակ. դրանք են, օրինակ, դեղորայքային ալերգիան, վերքերի թարախակալումը եւ այլն:
  • Սպեցիֆիկ խնդիրները կապված են հենց պլաստիկ վիրահատության հետ. օրինակ, կրծքագեղձի վիրահատությունից հետո իմպլանտը կարող է տեղաշարժվել, կամ կոպերի վիրահատությունից հետո կարող է ասիմետրիա լինել...

Բժիշկը նաեւ առանձին նշեց, որ կրծքագեղձի իմպլանտը քաղցկեղ առաջացնել չի կարող՝ այդ խնդիրը բացառվում է, եթե կինը մինչեւ վիրահատությունը առողջ էր եւ չուներ քաղցկեղ: Սակայն եթե կինը ի սկզբանե ուներ խնդիրներ (որոնց մասին կարող էր եւ չիմանալ), դրանք կարող են վիրահատությունից հետո զարգանալ եւ խորանալ: