Ինչքան տարիքով է տղամարդը, այնքան մեծ է հավանականույթյունը, որ նա կդառնա ուրոլոգի հիվանդը: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Երեւան» ԲԿ ուրոլոգիական ծառայության ղեկավար Վահագն Աշուղյանը:

Նրա խոսքով , դուրս է բերվել տղամարդու տարիքի եւ ուրոլոգիական հիվանդությունների կախվածության հաշվարկման յուրահատուկ բանաձեւ, որի համաձայն՝ 50 տարեկանում տղամարդկանց  50%-ն ունենում է միզարձակման հետ կապված խնդիրներ, 60 տարեկանում՝  մոտ  60%-ը, իսկ 70 տարեկանում՝  70%-ը: Ընդ որում ուրոլոգների տարիքով հիվանդների շրջանում ամենատարածված ախտանաշններն են ՝ ստորին միզուղիների ախտահարումներ, դիզուրիկ երեւույթներ, որոնց հիմքում ընկած են ինչպես շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան, այնպես էլ շագանակագեղձի բորբոքային հիվանդություններն ու քաղցկեղը:

«Գոյություն ունի տեսություն, որի համաձայն, եթե տղամարդիկ չմահանային այլ՝ սիրտ-անոթային, նյարդաբանական  հիվանդություններից, ապա նրանք բոլորը ի վերջո խնդիրներ կունենային միզասեռական համակարգի հետ, քանի որ այսպես է կառուցված տղամարդու օրգանիզմը: Տարիքի հետ կապված հորմոնալ տեղաշարժերը հանգեցնում են շագանակագեղձի, միզապարկի այնպիսի փոփոխությունների, որոնք դրանց խանգարումների պատճառ են հանդիսանում»,- ասաց նա նշելով, որ «շատ տղամարդիկ ուղղակի չեն հասցնում այցելել ուրոլոգի» :

Խոսելով այն մասին, որ շատ երկրներում ներդրված է 60-ից բարձր տղամարդկանց պարտադիր ուրոլոգիական հետազոտությունների համակարգը, եւ այն մասին, որ վատ չէր լինի այսպիսի ծրագրեր իրականացնել նաեւ Հայաստանում, բժիշկը նշեց, որ այնուամենայնիվ, շատ հիվանդությունների պարագայում սկրինինգային հետազոտությունների արդյունավետությունը դեռեւս ապացուցված չէ: «Շագանակագեղձի քաղցեկղի ամենացուցադրական օրինակի վրա ապացուցվեց , որ եթե մենք անգամ ավելի վաղ փուլում հայտնաբերենք այս հիվանդությունը եւ ավելի վաղ տարիքում, մահացության ցուցանիշն, այնուամենայնիվ, չի նվազում»,- ասաց նա, հավելելով, որ միզաքարային հիվանդության դեպքում, օրինակ, օգուտը միանշանակ է. «Ինչքան վաղ հայտնաբերվի քարը, ինչքան փոքր այն լինի, այնքան ավելի հեշտ կլինի բուժել հիվանդին»:

Վ. Աշուղյանը նշեց, որ իր մասնագիտության մեջ նա ստիպված է լինում նաեւ ընդհարվել մտածելակերպի որոշ առանձնահատկությունների հետ . հաճախ նույնիսկ որեւէ փոքրածավալ ուրոլոգիական միջամտություն ՝ կաթետերի տեղադրում, ուրետրոցիստոկոպիա, իրականցնելուն համաձայնություն տալուց առաջ, հայ տղամարդիկ  անհրաժեշտ են համարում խորհրդակցել «ամբողջ աշխարհի», հարեւանի, քավորի վարորդի կամ խնամու հետ: Հաճախ դա հանգեցնում է ժամանակի զգալի կորուստի եւ առկա հիվանդության սրացման: «Դա ավելի շատ հոգեբանական խնդիր է, ոչ թե ֆինանսական»,- ընգծեց բժիշկը: Իսկ անմիզապահությամբ կանայք, ըստ նրա, մեծամասամբ դիմում եմ գինեկոլոգների, եւ ստանում են ոչ այն օգնությունը, որը ցուցված է ժամանակակաից ուրոլոգիական գիտության կողմից: