Գորիսում հունիսի 23-ին մահացած նորածնի դեպքը նախաքննության վարույթում է։ Այս մասին լրագրողներին պատմեց Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։
Հիշեցնենք, որ Գորիսի բժշկական կենտրոնում հունիսի 21-ին ծնված երեխան երկու օր անց հանկարծակի մահացել էր։ Երեխայի մոր՝ Սյուզի Այվազյանի խոսքով, երեխան կարծես թե չուներ առողջական խնդիրներ, իսկ մահացել էր մանկաբույժի բացակայության ժամանակ։
Կարինե Սարիբեկյանի խոսքով՝ Հայաստանում ցանկացած մանկական եւ մայրական մահացության դեպք պարտադիր հերձում է պահանջում՝ կամ պաթ-անատոմիական ՝ մահվան պատճառը պարզելու համար, կամ դատաբժշկական դիահերձում՝ եթե կա բողոք եւ մահվան պատճառը հայտնի չէ։
Կարինե Սարիբեկյանը նշեց նաեւ, որ մայրական մահացության դեպքերում գրեթե միշտ դատաբժշկական դիահերձում է արվում, սակայն մանկական մահացության դեպքում դա պարտադիր չէ եւ արվում է միայն երբ կա բողոք։ Նշենք, որ հունիսի 23-ին մահացած նորածնի ծնողները դիմել են ոստիկանություն, այնպես որ դատաբժշկական փորձաքննությունը պետք է որ պարզի երեխայի մահվան պատճառը։ Սակայն ըստ գործող օրենքի, այդ պատճառի մասին տեղեկությունները հայտնի չեն դառնա մինչեւ գործի վարույթի ավարտը։






