Հայաստանի Հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտների հիվանդացության աշխուժացում: 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ` բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր թուլություն, անզուսպ փսխումներ: Հատկանշական է հիվանդների արագ ապաքինումը` առավելագույնը հոսպիտալացվում են 10 օր: Մեզանում դեպքերը գրանցվել են մինչեւ 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 3-8 տարիքային խմբում: Հիվանդացման դեպքերը եզակի են, խմբակային դեպքեր չեն գրանցվել:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ` էնտերովիրուսային վարակների բռնկումները կանխելու եւ հիվանդացության վերահսկման նպատակով: Իրականացվում է յուրաքանչյուր կասկածելի դեպքի համաճարակաբանական հետազոտություն, կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է հսկողություն, օջախում իրականացվում է ախտահանում: Մանկական նախադպրոցական, ամառային հանգստի, մշտադիտարկում է իրականացվում հատուկ կրթական կազմակերպություններում, մանկատներում` կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման նպատակով:
Ըստ ՀՀ ԱՆ տվյալների, 2014 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղզատանում և այլուր գրանցվել են բռնկումներ:






