Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնութագրվում են տենդով եւ բազմազան կլինիկական ախտանշաններով` պայմանավորված կենտրոնական նյարդային, սրտանոթային, ստամոքսաղիքային, մկանային, շնչառական եւ այլ համակարգերի ախատահարումով: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Էնտերովիրուսային վարակները գերազանցապես ընթանում են անախտանիշ:
Էնտերովիրուսները կայուն են արտաքին միջավայրում` մակերեսային ջրամբարների ջրերում եւ խոնավ հողում կարող են պահպանվել մինչեւ 2 ամիս: Տարիքային եւ սեզոնային որեւէ օրինաչափություն չկա. հիվանդանում են բոլորը, տարվա բոլոր եղանակներին: Էնտերովիրուսների մեկ այլ առանձնահատկությունը տարածման մեխանիզմի բազմազանությունն է: Էնտերովիրուսային վարակների փոխանցումն իրականացվում է կղանքա-բերանային մեխանիզմներով` (ջրային, սննդային, կենցաղ-կոնտակտային) եւ աէրոզոլային (օդակաթիլային եւ փոշու միջոցով): Յուրաքանչյուր ոք կարող է վարակվել էնտերովիրուսներով՝ հիվանդ մարդու կամ նրա կողմից օգտագործված իրերի, առարկաների կամ մակերեսների հետ սերտ շփման արդյունքում:
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`
• պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, հազի եւ փռշտալու հիգիենան),
• միրգը եւ բանջարեղենը լավ լվանալ,
• խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
• բնակարանը հաճախակի օդափոխել եւ խոնավ մաքրել։






