Որովայնի ստորին աջ հատվածում զգացվող ցավը, ջերմությունը եւ արյան մեջ սպիտակ գնդիկների ավելցուկը ապենդիքսի բորբոքման նշաններ են: Այն հիշյալ օրգանի եւ աղիքների միջեւ խցանման արդյունքում է ի հայտ գալիս. ապենդիքսը փքվում է եւ կյանքի համար վտանգավոր պատռման սպառնալիքի առաջ կանգնում, տեղեկացնում է FoxNews-ը:    

Նման դեպքերում բուժման միակ միջոցը ապենդիքսի հեռացումն է, ինչը գրեթե միշտ շտապ իրականացման կարիք ունի:

Վիրահատության ընթացքում որովայնի հատվածում երեք փոքր անցքեր են բացվում, եւ խոռոչը ածխածնի երկօքսիդով է լցվում` ցանկալի տեսանելիություն ապահովելու համար:

Այնուհետեւ անցքերից մեկով լապարոսկոպ է մտցվում` ապենդիքսի վիճակը պարզելու համար. եթե այն կարմիր է եւ փքված, ապա միանշանակ հեռացման կարիք ունի: Մնացած երկու անցքերը վիրաբուժական գործիքների համար են. դրանց օգնությամբ կույր աղիքն առանձնացվում է աղիքներից եւ հեռացվում:

Այնուհետեւ անցքերից մեկով տաք աղաջուր է ներարկվում` որովայնի խոռոչը մաքրելու եւ վարակների ներթափանցումը կանխարգելելու նպատակով:

Եւ ամենավերջում անցքերը փակվում են` բացառությամբ մեկի, որը դեռեւս կարճ ժամանակով բաց է թողնվում` ածխածնի երկօքսիդից ազատվելու համար:

Ապենդիքսի լապարոսկոպիկ եղանակով հեռացումը, առանց բարդությունների ընթանալու դեպքում, առավելագունը կես ժամ է տեւում:

Վիրահատությունից հետո հիվանդները հոգնածություն եւ ցավ կզգան, սակայն մեկ կամ երկու շաբաթ անց կարող են նորմալ կյանքի վերադառնալ: